ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարարը երկկողմ հանդիպումների շարքում հանդիպում է ունեցել նաեւ Իտալիայի արտաքին գործերի նախարարի հետ: Այս հանգամանքը հետաքրքիր է առաջին հերթին նրանով, որ ընդամենը օրեր առաջ Իտալիայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Իտալիան եւ Եվրամիության անդամ այն երկրներից է, որը բավականին սերտ թե տնտեսական, թե ռազմական գործակցություն ունի Ադրբեջանի հետ: Այդ համատեքստում, Հռոմի հետ աշխատանքի միջոցով իրավիճակը փոքրիշատե հավասարակշռելու ջանքը Հայաստանի համար դառնում է կարեւոր դիվանագիտական ուղղություն:
Տվյալ պարագայում սակայն հարց է, թե արդյո՞ք հենց այդ ջանքի նպատակադրումով է Նյու Յորքում տեղի ունեցել հանդիպում Իտալիայի ԱԳ նախարարի հետ, թե՞ հակառակը՝ այդ հանդիպման միջոցով Իտալիան ըստ էության յուրօրինակ միջնորդական կամ հաղորդակցային դեր է իրականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
Իտալացի գործընկերոջ հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ «Հայաստանն ունի սեղմ ժամկետում խաղաղության պայմանագիրը ստորագրելու հստակ կամք», առաջնորդվելով երկրների սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջության եւ ինքնիշխանության սկզբունքով:
Դա հետաքրքրե՞լ է Իտալիայի արտգործնախարարին, թե՞ Հայաստանի արտաքին գործերի նախարարը «փնտրում» է այդ հարցում Հայաստանի դիրքորոշումների աջակցություն այն երկրների շրջանակում, որոնք սերտ հարաբերություն ունեն Ադրբեջանի հետ եւ կարող են օգտակար լինել Բաքվի՝ չստորագրելու դիրքորոշումը փոխելու հարցում:
Ադրբեջանն, ինչպես հայտնի է, չի ընդունում խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերով ստորագրելու առաջարկը, որ արդեն քանիցս հնչեցնում է Երեւանը:
Ավելին, Իլհամ Ալիեւը նախօրեին Ադրբեջանի «նորընտիր» Միլլի Մեջլիսի առաջին նիստում ունեցած իր ելույթում Բաքվի թիվ մեկ նպատակ է հռչակել ռազմական հզորացումը: Իսկ այդ գործում Ադրբեջանի առաջնային գործընկերների շարքում է նաեւ Իտալիան:
Համենայն դեպս, Ալիեւի Իտալիա կատարած այցից օրեր անց Հռոմ այցելեց Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Բաց մի թողեք
Մեծ Բրիտանիային չի կարելի թողնել ինքնուրույն որոշելու իր ապագան
Եվրոպական տեխնոլոգիական ընկերությունների գործադիր տնօրենները ցանկանում են ուղիղ կապ ԵՄ քաղաքականության մշակման համար
Ջենրիկ. «Բըրնհեմը կասկածելի պոլո շապիկով Քիր Սթարմերն է»