Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սեպտեմբերի 22-ին գումարել է հերթական նիստը։
Այդ մասին հայտնում են ՀՌՀ-ից:
«Օրակարգում է եղել 5 հարց․
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
«Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:
«Ռադիոտուն» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 29 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
«Ավտոռադիո» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 31 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
«ՆՏ հոլդինգ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 32 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշեց սեպտեմբերի 22-ին հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթ, որի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական կայքերում։
Հաջորդիվ ՀՌՀ-ն որոշեց հաստատել «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը։
Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության արձանագրության hամաձայն՝ «Ռադիոտուն» և «Ավտոռադիո» ՍՊ ընկերությունները չեն ապահովել հայերեն տեսալսողական հաղորդումների տոկոսային ժամաքանակը։ Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի՝ հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից:
Վարչական վարույթի բազմակողմանի քննությամբ ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց Ընկերությունների նկատմամբ կիրառել 300.000-ական ՀՀ դրամի տուգանքը։
Հանձնաժողովը «ՆՏ հոլդինգ» ՍՊ ընկերությունից պահանջել է ներկայացնել հեռարձակվող «Նոյյան տապան» տեսալսողական ծրագրի 2026թ․ օգոստոսի 1-10-ն ընկած ժամանակահատվածի տեսագրությունը, որի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ։ Ըստ արձանագրության՝ 2026թ․ օգոստոսի 6-ին հեռարձակված «Ноян Тапан на Русском» գրառմամբ 2 հաղորդումների ժամանակահատվածում «Նոյյան տապան» տեսալսողական ծրագրի անվանումը նշվում է օտար լեզվով՝ «Ноян Тапан», առանց հայերեն տառադարձության։
ՀՌՀ-ն որոշեց ընկերության նկատմամբ կիրառել օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով 100 հազար ՀՀ դրամով։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաց մի թողեք
Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան
Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան
Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը. Լուսանկար