09/12/2024

Երևանում 65 արվեստագետների մասնակցությամբ տեղի կունենա մեդիա արվեստի 16-րդ միջազգային CYFEST փառատոնը

Երևանի մի քանի հարթակներում նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 1-ը տեղի կունենա մեդիա արվեստի 16-րդ միջազգային CYFEST փառատոնը։ Այն այս տարի անցկացվում է «Զգացմունքների շտեմարան։ Ճամփորդություն» խորագրի ներքո։

16-րդ փառատոնին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից 65 արվեստագետներ: Այս տարվա համապարփակ ծրագիրը նպատակ ունի հարթակ ստեղծել արվեստի ձևերի լայն շրջանակի և փորձարարական ստեղծագործական ռազմավարությունների քննարկման համար՝ քաղաքը վերածելով ժամանակակից մշակույթների ուսումնասիրման համաժողովի։

Ճամփորդությունը զգացմունքների և հիշողությունների ինտիմ ոլորտի և տեխնոլոգիական առաջընթացի փոխհարաբերությունների լայնածավալ ուսումնասիրություն է։ Ինչպե՞ս են նոր տեխնոլոգիաները ձևավորում, միջնորդում և «արխիվացնում» զգացմունքները: Ինչպե՞ս է տեխնոլոգիան ազդում մեր զգացմունքային փորձառության վրա, այն ինչպես է արտահայտվում և հիշվում: Կարո՞ղ ենք աշխատել տեխնոլոգիաների հետ ավելի լայն՝ արվեստի, հասարակության և մշակույթի շրջանակներում: Իսկ ինչպե՞ս կարող են ժամանակակից արվեստն ու մշակույթն աջակցել ավելի բազմազան ապագային և միջավայրերին, որոնք ոչ տեխնոկրատորեն կկառավարվեն, և ոչ էլ ընդհանրական կլինեն: Միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների, համադրողների և տեսաբանների մասնակցությամբ CYFEST 16-ը տարբեր տեսանկյուններից կանդրադառնա այս հարցերին՝ դրանք վերածելով ինստալացիաների, բազմամիջնոց օբյեկտների, պերֆորմանսների, տեսանյութերի, համերգների, կրթական միջոցառումների՝  ստեղծելով նոր, հետաքրքրաշարժ փորձառություններ:

CYFEST 16-ը նվիրված է արվեստագետ, փորձարարական կոմպոզիտոր, կինոռեժիսոր և լուսանկարիչ Ֆիլ Նիբլոքի (1933- 2024) ժառանգությանը։ Փառատոնը կմեկնարկի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում «Hammettlogue» վերնագրով ավանգարդ օպերային նախագծի պրեմիերայով, որին կհաջորդի Նիբլոքին նվիրված հարգանքի տուրք-համերգը՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Երկու միջոցառումներն էլ համատեղ կազմակերպվել են Նիբլոքի վերջին 22 տարիների գործընկեր, արվեստագետ և կուրատոր Քեթրին Լիբերովսկայայի հետ։

Փառատոնի հիմնական նախագծերը կանցկացվեն Երևանի մի քանի մշակութային հարթակներում, այդ թվում՝ ՀայԱրտ կենտրոնում և Երևանի բուսաբանական այգում։

CYFEST 16-ի Ձայնային ծրագիրը ներկայացնում է արվեստագետների գործերի հատուկ ընտրանի, որոնք հայտնի են ձայնի, աուդիոյի, երաժշտության և ոչ-տեսողական արտահայտությունների միջև եզակի մոտեցմամբ: Ծրագիրը ներառում է ինստալացիաների և պերֆորմանսների շարք՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ արվեստագետներն ու հանդիսատեսը կարող են խորասուզվել ձայնի ուսումնասիրության աշխարհում: Այս տարվա ծրագիրը ներկայացնում է արվեստագետների, ովքեր անձնական կապ են ունեցել Ֆիլ Նիբլոքի հետ՝ այդ թվում Հանս Թամմենը, Շելի Հիրշը և Թոմաս Անկերսմիթը: Բացի այդ, ծրագրում ընդգրկված են փորձարարական արվեստագետներ Էլինա Բոլշենկովան, stackedplot-ը, Սատյարտ Միշրա Շարման և Ռոբերտ Պողոսյանը:

Հատկանշական է նաև ծրագրի ուշադրությունը TELLUS Audio Cassette Magazine նորարարական փորձարարական նախաձեռնությանը, որն օգտագործել է աուդիոկասետներ՝ no wave երաժշտություն և ձայնային արվեստ տարածելու համար: TELLUS-ի նշանավոր մասնակիցների շարքում են Sonic Youth-ը, Լուիզ Լոուլերը, Ռիչարդ Փրինսը, Դավիդ Վոյնառովիչը, Մայքլ Գիրան, Մերցբաուն, Յոզեֆ Բոյսը, Կուրտ Շվիթերսը, Լոուրենս Ուիները, Ջորջ Բրեխտը, Քրիստիան Բոլտանսկին և Ջորջ Մաչունասը: Ծրագրի համադրողներն են Սերգեյ Կոմարովը և Լիդիա Գրիազնովան։

2007 թվականից ի վեր տեսանյութերն CYFEST փառատոնների անբաժանելի մասն են: 2024-ի համար հրավիրվել են չորս համադրողներ՝ պատրաստելու վիդեո ծրագիր, որոնցից յուրաքանչյուրի առաջարկը սերտորեն կապված է ցուցադրությունների հետ և արտահայտում է դրանց թեման՝ կինեմատոգրաֆիկ ձևաչափով: Թայպեյում ապրող անկախ համադրող և վիզուալ արվեստագետ Մու Թուանը կազմել է մի ծրագիր, որը ներառում է  հիշողության, քարտեզագրության, ալքիմիայի, նոստալգիայի, վիրտուալ հարաբերությունների և խաղերի վերաբերյալ տարատեսակ մոտեցումներով թայվանցի արվեստագետների աշխատանքներ: Ֆրանսիայի VIDEOFORMES, Hybrid and Digital International Arts Festival-ի գեղարվեստական ղեկավար Գաբրիել Վ. Սուշեյրը կազմել է ծրագիր, որը հարթակ է տրամադրում մարդկության ապագայի և ժամանակակից մարդկային պայմանների հակասությունների քննարկման համար: CYLAND վիդեո արխիվի համադրող Վիկտորիա Իլյուշկինան ընտրել է տեսանյութեր, որոնք ուսումնասիրում են, թե ինչպես են արվեստագետները թե՛ անալոգային և թե՛ թվային ձևաչափերով պահպանում, հասկանում և վերափոխում տարբեր տեսակի տեղեկատվություն՝ անհատական, հավաքական, պատմական, սոցիալ-մշակութային, կենսաբանական և տեխնոլոգիական: Սեուլում հիմնված Urban Art Lab-ի տնօրեն Սունգահ Լին հավաքել է ժամանակակից կորեացի արվեստագետների գործեր, որոնք ուսումնասիրում են վիրտուալ իրականության և վիդեոյի տեխնոլոգիան ու լեզուն: Վիդեո ծրագիրը կանցկացվի Միրզոյան գրադարանում և Վարպետում, իսկ վիրտուալ իրականության գործերը հասանելի կլինեն գլխավոր ցուցադրության վայրում՝ ՀայԱրտ կենտրոնում:

Այս տարվա փառատոնի հատուկ նախագծերից է իրանահայ և ամերիկաբնակ արվեստագետ Մարկոս Գրիգորյանի աշխատանքների ցուցահանդեսը, որը հայտնի է որպես իրանական ժամանակակից արվեստի առաջամարտիկ: «Կատարողական մետաֆորներ» ցուցահանդեսը, որի համադրողն է Ռուբեն Արևշատյանը, կանցկացվի Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտում։ Այն նպատակ ունի ցուցադրելու Մարկոս Գրիգորյանի անցած ճանապարհի բազմազան ու հարուստ պատմությունը, նրա կյանքի պատմության բարդությունն ու խորությունը, մշակութային բազմաթիվ միջավայրերում նրա ներգրավվածությունը և տարբեր ժամանակաշրջանների երանգավորված անցումները:

CYFEST-ը Արևելյան եվրոպայի ամենախոշոր միջազգային մեդիա արվեստի փառատոններից է: Հիմնադրվել է անկախ արվեստագետների և կուրատորների խմբի կողմից 2007 թվականին: Սկսած 2007-ից՝ CYFEST-ի հիմնական հետաքրքրությունների կենտրոնում են եղել տարբեր վիզուալ լեզուների և տեխնոլոգիական մշակույթների միջև երկխոսության ուսումնասիրությունը՝ արվեստի մասնագետների և գիտական հանրությունների հետ ընդհանուր փոխըմբռնման ուղի փնտրելու նպատակով: CYFEST-ը միավորում է արվեստագետների, կուրատորների, դասավանդողների, ինժեներների, ծրագրավորողների և մեդիա ակտիվիստների ամբողջ աշխարհից՝ տարբեր տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նոր մեդիա արվեստի քարտեզագրման, միջնորդության և փաստաթղթավորման համար հարթակ ստեղծելով: CYFEST-ը աշխարհի քիչ շարժական մշակութային միջոցառումներից մեկն է: Ամբողջ տարվա ընթացքում փառատոնի նախագծերը ներկայացվում են աշխարհի առաջատար մշակութային հաստատություններում: Ամեն տարի փառատոնի ծրագրում ընդգրկվում են մի շարք ցուցահանդեսային նախագծեր, ձայնային արվեստ, վիդեո և կրթական ծրագրեր: CYFEST 16-ը կազմակերպում է CYLAND International MediaArtLab-ը: