14/12/2024

COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը

Նոյեմբերի 21-ի ուշ երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը կրկին այցելել է Բաքու: Նրա հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվություն առ այս պահը չի տարածվել:

«Թուրան» գործակալությունը հայտնում է, որ Գուտերեշը հաջորդ օրը մամուլի ասուլիս է հրավիրել և հրապարակայնացրել, որ խորհրդաժողովի հիմնական նպատակը՝ մթնոլորտային աղտոտումների դեմ պայքարի հիմնադրամի ստեղծումը, հեռու է իրականություն դառնալուց:

«Ես բանակցությունների կողմ չեմ, բայց խորհրդաժողովի մասնակիցներին կոչ եմ անում հասնել վերջնական համաձայնության» ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը: Նախապես հաշվարկված էր, որ մթնոլորտի աղտոտման դեմ արդյունավետ պայքարի համար եկող տարի հարկ կլինի ծախսել մեկ տրիլիոն երկու հարյուր միլիարդ դոլար, ապա սահմանվել է «օպտիմալ ծախսերի նոր շեմ»՝ մեկ տրիլիոն դոլար:

Ըստ տեղեկությունների՝ նավթի և գազի արդյունահանման ծավալների կրճատման դիմաց միայն Պարսից ծոցի արաբական երկրները պահանջում են չորս հարյուր միլիարդ դոլարի փոխհատուցում: Հակառակ դեպքում նրանք էներգակիրների արդյունահանումը չեն սահմանափակի:

Նավթագազային երկրները, ընդ որում, պնդում են, որ փոխհատուցման գումարների մեծ մասը պետք է հատկացնեն զարգացած երկրները, հատկապես Եվրամիությունը, քանի որ հենց նրանք են «կանաչ» կամ վերարտադրվող էներգիայի անցնելու լոբբիստները: Բաքվի խորհրդաժողովին Եվրահանձնաժողովի նախագահի, ԵՄ մի շարք առաջատար երկրների, Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարների բացակայությունը, հավանաբար, պայմանավորված էր նաև մթնոլորտի աղտոտման դեմ պայքարի հիմնադրամին խոշոր մուծումներ չկատարելու նրանց մտադրությամբ:

Որոշ աղբյուրների տեղեկացվածությամբ՝ COP 29-ի աշխատանքները կարող են ևս երկու-երեք օր տևել, որպեսզի գոնե ընդհանուր գծերով համաձայնեցվեն հիմնադրամ ձևավորելու սկզբունքները: Տեսակետ կա, որ մուծումներ պետք է կատարվեն մթնորտն աղտոտելու չափերի համամասնությամբ: Այդ դեպքում հիմնադրամի դոնոր պետք է լինի նաև Ադրբեջանը: Դիվանագիտական պատշաճությունը պահանջում է, որ Բաքուն առաջինը հայտարարագրի, թե ինչքան գումար է հատկացնում հիմնադրամին: Ադրբեջանի կառավարությունը դեռևս նման հայտարարություն չի արել:

Բարդ է նաև խորհրդաժողովից Բաքվի քաղաքական դիվիդենտների հարցը: Մի շարք անոնսավորված բանակցություններ չեն կայացել, ինչպես օրինակ՝ Թուրքիայի և Իրանի նախագահների, Հնդկաստանի և Պակիստանի վարչապետների հանդիպումները: Սկանդալային էր Թուրքիայի նախագահի բացահայտումը, որ անձամբ է խոչընդոտել Ադրբեջանի և Իսրայելի նախագահների բանակցություններին:

Միակ կարևոր իրադարձություն, թերևս, կարելի է համարել Մեծ Բրիտանիայի վարչապետի կարճատև այցը, բանակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Այս դեպքում էլ, սակայն, իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Էրդողանին այդպես էլ չի հաջողվել եվրոպական չորրորդ սերնդի կործանիչների ձեռքբերման հարցում հասնել Մեծ Բրիտանիայի վարչապետի համաձայնությանը:

COP 29-ին ընդառաջ Բաքվում բացվել է «Ուկրաինայի կենտրոնը»: Այդուհանդերձ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին խորհրդաժողովին չի մասնակցել: Բաց աղբյուրներից հայտնի չէ, թե Կիևն ինչ մակարդակով է ներկայացված եղել:

Մինչ այդ ուկրաինական կողմը հերքել է ռուսական եւ ադրբեջանական մամուլի տեղեկությունը, որ Ուկրաինան և Եվրամիությունը համաձայն են, որպեսզի Ադրբեջանն Ռուսաստանի տարածքում գազ գնի և այն «սեփական ապրանքանիշով» առաքի ԵՄ երկրներ:

Էներգետիկ հարցերում Բաքվի ձեռքբերում է Ջեբրայիլում BP-ի ներդրումներով արևային էլեկտրակայանի հիմնարկեքը: Բայց դա ավելի վաղ երկկողմ ձևաչափով ձեռք բերված համաձայնության արդյունք է:

Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովի տնտեսական և քաղաքական շատ համեստ արդյունքները, իհարկե, պայմանավորված են նաև Ադրբեջանի իշխանությունների ավտորիտար կեցվածքով:

Հարցն այն է, թե COP 29-ի գործնական անհաջողություններից ի՞նչ հետևություններ է անելու Իլհամ Ալիևը: Բացառված չէ, որ ձախողումները նրան ավելի ագրեսիվ քայլերի մղեն: