05/02/2025

Մի քանի օրից Հայաստանը կդառնա ԱՄՆ ռազմավարական գործընկերը, այս ամենը չի կարող չանհանգստացնել Ալիևին. Մարգարյան

«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կարծիք է հայտնել, որ մի քանի օրից Հայաստանը կդառնա ԱՄՆ ռազմավարական գործընկերը:

Ըստ նրա՝ Ալիևը հիմար չէ և շատ լավ է հասկանում, որ ԱՄՆ ռազմավարական գործընկեր Հայաստանը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարող է իրեն շրջապատել տնտեսական, էներգետիկ և ռազմական անվտանգային բարձիկներով, այլ բառերով՝ համապարփակ անվտանգային պատնեշով:

«Այս ամենը չի կարող չանհանգստացնել Ալիևին, քանի որ ինքն իրեն դիրքավորում է որպես տարածաշրջանային սուբհեգեմոն, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ցանկացած արտատարածաշրջանային ակտոր պետք է իր տարածաշրջանային քաղաքականությունը սինխրոնացնի Ադրբեջանի շահերի հետ:

Հետևաբար, ի՞նչ է պետք անել՝ պետք է շատ արագ հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում սահմանել այնպիսի խաղի կանոններ, որոնք կենթադրեն ամերիկյան եկող վարչակազմի՝ սուբհեգեմոն Ադրբեջանի կարգավիճակը ճանաչելն ու ընդունելը:

Միևնույն ժամանակ, Ալիևը նաև հասկանում է, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրվելու է ամերիկյան հեռացող վարչակազմի հետ: Հետևաբար, նախ հայկական կողմը ստիպված է լինելու հավելյալ աշխատանքներ տանել Թրամփի վարչակազմի հետ՝ երկուստեք վերահաստատելու այդ փաստաթղթով ամրագրված սկզբունքներն ու հանձնառությունները (էլ չեմ ասում ի կատար ածելու գործողությունների ծրագիրը/ծրագրերը) և երկրորդ՝ Թրամփն իր հետ բերելու է նոր, անկանխատեսելի խաղի կանոններ գլոբալ համատեքստում:

Հետևաբար, ինչ է պետք անել: Պետք է հայ-ադրբեջանական սահմանային լարվածություն հրահրել: Այս պարագայում բոլոր սցենարներն էլ կաշխատեն Ալիևի օգտին:

Սցենար առաջին՝ ամերիկյան նոր վարչակազմը հայ-ադրբեջանական գործընթացում կներգրավվի նոր, Ադրբեջանին ձեռնտու կետից (Հայաստանի այսպես կոչված «դեմիլիտարիզացիայի», «դենացիֆիկացիայի» և այլ նման ցնդաբանությունների հարցը՝ բանակցությունների օրակարգի մաս): Սցենար երկրորդ՝ ամերիկյան նոր վարչակազմը չի խառնվի առհասարակ, քանի որ, ինչպես Ալիևն էր ասում իր հարցազրույցում «թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը ապահովում է տարածաշրջանի կայունությունը»: Սրան կգումարվի նաև Իրանի դեմ որպես զենք գործիքայնացվելու, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություներում լարվածության թուլացման միջնորդ դառնալու՝ ադրբեջանական նկրտումների իրականացումը, և Ադրբեջանը կստանա իր բաղձալին՝ տարածաշրջանային հարց լուծողի կարգավիճակը: Դե թե հետո ինչ կարող է սպասվել Հայաստանին, երևի թե կարիք չկա մանրամասնելու:

Թեման կարելի է շարունակել, սցենարները՝ նույնպես, բայց այս պահին միայն ընդգծեմ այսքանը: Խելքով ու հաշվարկով է պետք առաջնորդվել, այլ՝ ոչ էմոցիաներով:

Մի բան էլ՝ Արցախյան 44-օրյա պատերազմից օրեր առաջ մենք մատ էինք թափ տալիս Թուրքիայի վրա: Զուտ հիշեցման կարգով»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Ալիևը սպառնացել է, թե Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը, իսկ Ֆրանսիան և նրան զենք մատակարարող մյուս երկրները պետք է խզեն և չեղյալ համարեն այդ պայմանագրերը: