17/02/2025

Պարույր Հայրիկյանը մտադիր է Դավթաշենի իր հողամասն ու առանձնատունը նվիրաբերել պետությանը

ԱԻՄ կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը մտադիր է Դավթաշենի իր հողամասն ու առանձնատունը նվիրաբերել պետությանը, որպեսզի այնտեղ կառուցվի անկախության եւ ժողովրդավարության թանգարան։

«Հրապարակը» Պարույր Հայրիկյանից փորձեց ճշտել, թե ինչու է այսպիսի որոշում կայացրել, այդ ինչ առանձնատուն է, ինքը որտեղ է ապրելու, եւ, ի վերջո, Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը մերժելու պարագայում ինչո՞ւ է որոշել այսպիսի քայլ անել, վստահո՞ւմ է Փաշինյանի կառավարությանը, վստա՞հ է, որ տարածքը նպատակին կծառայի եւ իսկապես կդառնա թանգարան։

Հայրիկյանն ասաց, որ 1000 քմ-ից ավելին բնակելի տարածք է, իսկ այգին՝ 2000 քմ-ից ավելի, ըստ նրա՝ մոտ 10 բնակարանի չափ։ «Արխիվային հսկայական նյութեր կան 1980-ականների դեպքերի վերաբերյալ, մոտավորապես 1400 վիդեոներ։ Այս տարածքը նվիրում եմ, որ դառնա թանգարան։

Ճիշտ է, ես այստեղ պարտքեր ունեմ, դրա համար պետք է քննարկենք պետության հետ։ Տալիս եմ, բայց պարտքերը փակելուց հետո։ Կարճ ասած՝ այսպիսի մի բան կառուցելու համար պետությունը պիտի մի քանի միլիարդ ծախսի, իսկ ես որոշեցի տալ իմ գույքը, որովհետեւ ասված է՝ պատվիր մեծերիդ։ Մեր երկրում խոսում են անկախության մասին, բայց պայքարի անցած ճանապարհը չի մատուցվում։ Այս թանգարանը լինելու է անկախության եւ ժողովրդավարության թանգարան, որտեղ կներկայացվեն նաեւ պայքարի առաջամարտիկների մասին նյութերը»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ այդ ի՞նչ պարտքերի մասին է խոսքը, արդյո՞ք պայմանավորվածություն կա իշխանության հետ, որ գույքը տալիս է՝ պարտքերը մարելու պայմանով, Պարույր Հայրիկյանը խուսափեց պատասխանից։

«Դա էական չէ, կարեւորը թանգարան ունենալու միտքն է։ Ես բանկից գումար եմ վերցրել՝ այս առանձնատունը կառուցելու համար, եւ երեխաներիս էլ ասել եմ՝ ինչ որ կառուցում եմ, հետո կդառնա թանգարան։ Պարտքերն այս գույքի ընդհանուր արժեքի 10 տոկոսն էլ չեն կազմում։ Ես բանկերից գումար եմ վերցրել, սա կառուցել, գումարի որոշակի մաս կա, որ դեռ փակված չէ, սակայն բարեխղճորեն ամեն ամիս վճարել եմ։ Այս տարածքը նվիրելու եմ պետությանը, բայց նվիրելուց պայման եմ դնում»,- ասաց նա՝ այդպես էլ չհստակեցնելով՝ պայմաններից մեկը վարկը մարե՞լն է, թե՞ ոչ։ Նա նաեւ նշեց, որ դեռ ԿԳՄՍՆ-ի հետ բանակցությունների մեջ է։ Նշենք, որ հունվարի 15-ին, ժամը 14։00-ին Պարույր Հայրիկյանի Դավթաշենի առանձնատանը (Ձոր 1 թաղամաս, 14 տուն), այն առանձնատանը, որը պատրաստվում է նվիրաբերել պետությանը՝ որպես անկախության եւ ժողովրդավարության թանգարան, տեղի կունենա Պարույր Հայրիկյանի խոստացած մամուլի ասուլիսը՝ նվիրված ներկա իրավիճակի վերլուծականին եւ ներկա ճգնաժամը հաղթահարելու հնարավոր գործողություններին։ ԿԳՄՍՆ-ից փորձեցինք ճշտել, թե ինչ պայմանավորվածություն կա Պարույր Հայրիկյանի հետ, սակայն խոսնակ Նելլի Վահանյանը չպատասխանեց զանգերին։