«Մենք իսկապես դաշնակիցներ ենք: Իրանի հետ մենք բարիդրացիական, գործընկերային հարաբերություններ ունենք, Ռուսաստանը շատ լավ գործընկերություն ունի Իրանի հետ: Բոլոր երկրները կշահեն համագործակցությունից»,- Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը Մոսկվայում նրա հետ հանդիպմանը Հայաստանը անվանել է Ռուսաստանի «բնական դաշնակից»՝ նկատելով, որ Պուտինի և Փաշինյանի միջև շփումների ոգով կառուցողական ձևով քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգն ու ընդհանուր հարցերը:
Դատելով Հայաստանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի ընթացքում երկուստեք հնչած հայտարարություններից՝ հանդիպումը և քննարկումներն անցել են նկատելի կառուցողականության մթնոլորտում: Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է անելու դրանից հետո ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, որն իր ամենշաբաթյա պարբերական ճեպազրույցների ընթացքում որևէ անգամ բաց չի թողել պաշտոնական Երևանին հեգնելու կամ կսմթելու որևէ առիթ:
Զախարովան, իհարկե, մանրուք է, այսպես ասած՝ հետևանք, սակայն Միրզոյան-Լավրով հանդիպման համատեքստում իրապես առաջանում է հարց, թե արդյո՞ք հայտարարությունների դրական «ոգին» նշանակում է, որ Երևանի ու Մոսկվայի միջև ձևավորվել է համենայն դեպս միջնաժամկետ կայունությամբ ինչ-որ փոխհամաձայնություն:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը դադարելու է «կայսրությունների» մասին իր տեղեկատվա-քարոզչական դատողությունները, թե՞, այդուհանդերձ, դրանք և Զախարովան որոշակի «ժանրի կանոն» են, այսպես ասած փաթեթ կամ որոշակի անտուրաժ, որը լուծում է այլ՝ հայ-ռուսական հարաբերության հետ կապ չունեցող խնդիրներ:
Հատկանշական է Հայաստանի ԱԳ նախարարի խոսքում Ռուսաստան, Հայաստան, Իրան որոշակի «եռանկյունաչափական» դիտարկումը: Այդ առնչությամբ նախօրեին ուշադրության էի արժանացրել հանգամանքին, որ արտաքին գործերի նախարարի՝ Մոսկվա սպասվող այցի ֆոնին, Թեհրան այց է կատարել արտաքին գործերի փոխնախարարը, որն Իրանում հանդիպել է այդ երկրի ԱԳ նախարար Աբաս Արաղչիին:
Ընդհանուր առմամբ, իրերի այդ դրությունը օբյեկտիվ է և դրական, թեև, անշուշտ, առաջին հերթին այն աչքի է ընկնելու տարեսկզբին եվրաատլանտյան ուղղությամբ Հայաստանի կատարած երկու նշանակալի քայլի հանդեպ կոնտրաստով: Խոսքը ԵՄ վերաբերյալ որոշման մասին է, նաև ԱՄՆ հետ ստորագրված փաստաթղթի:
Այստեղ, սակայն, վերստին հարկ է արձանագրել կարևոր շեշտադրումը: Հայաստանի համար ներկայումս կարևորագույն խնդիրը բալանսավորում ապահովելն է, որովհետև կայունության հուսալի նախադրյալը կարող է լինել հենց դա:
Հետևաբար, այդ խնդիրը, պահանջելով արդյունավետ հարաբերություն եվրաատլանտյան բևեռի ներկայացուցիչների, առաջին հերթին, բնականաբար, ԱՄՆ հետ, միաժամանակ պահանջում է փոխադարձ ընկալման քաղաքականություն Ռուսաստանի և Իրանի հետ:
Սա, անշուշտ, պարզ մեխանիկա կամ նույնիսկ մաթեմատիկա չէ, այլ շատ նուրբ գործոններով ու շերտերով հագեցած իրադրություն, որը ընդհուպ կարող է հիշեցնել անցում բարակ լարի վրայով: Սակայն հակառակը պարզապես լարի վրայից ընկնելն է, և չկա ոչ մի տարբերություն՝ թե որ կողմն է ընկնելը:
Բաց մի թողեք
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի. հանդիպումը Փարիզում կլինի
ԱՄՆ – ԵՄ՝ հակասություններ, թե՝ նոր իրողությունների սկիզբ
Ռուս-ուկրաինական զորքերի շփման գիծը շատ կարճ ժամանակ անց կվերածվի երկրորդ «Բեռլինի պատի»