13/02/2025

Ադրբեջանը Ռուսաստանին մեղադրում է լրտեսության մեջ

Հունվարի 24-ին ադրբեջանական BakuTV մասնավոր հեռուստաընկերությունը, որ իշխանական GlobalMediaGroup –ի մաս է կազմում, Բաքվում «Русский дом» մշակութային կենտրոնին մեղադրել է Ադրբեջանի դեմ լրտեսությամբ զբաղվելու և միջէթնիկ լարվածություններ հրահրելու մեջ:

Անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում Ռուսաստանի օգտին լրտեսությամբ զբաղվելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման է դատապարտվել քաղաքագետ Նազաքեթ Մամեդովան: «Թուրան» գործակալությունը հիշեցնում է, որ նրա դատավարությունը համընկել է Ռուսասստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինի Բաքու այցին, որի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել ինչպես Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիևի, Անվտանգության խորհրդի քարտուղար Ուսուբովի, այնպես էլ նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Իշխող տպավորություն է, որ Նարիշկինին հաջողվել է կանխել այդ գործով տեղեկատվա-քարոզչական «շահարկումները»: Պարզ ասած՝ իշխանությունները մամուլին արգելել են անդրադառնալ Մամեդովայի դատավարությանը, բայց իրազեկ աղբյուրները դեռևս անցյալ աշնանն են բացահայտել, որ մեղադրանքի հիմքում դրված են քաղաքագետի և «Русский дом»-ի պատասխանատու աշխատակիցների հանդիպումների գաղտնալսումները:

BakuTV-ն, անկասկած, կատարել է իշխանության հանձնարարականը, իսկ դա նշանակում է, որ Նարիշկին-Ալիև պայմանավորվածությունները չեն գործում: Ընդ որում, շատ կարևոր է, որ Բաքուն Մոսկվային իր դեմ լրտեսության մեղադրանք է հնչեցրել մի իրավիճակում, երբ լրանում է քաղաքացիական օդանավի խորտակման մեկ ամիսը, իսկ ICAO-ի սահմանած կարգը պահանջում է այդ ընթացքում հրապարակել նախնական հաշվետվությունը:

Գրեթե կասկածից դուրս է, որ Իլհամ Ալիևը նախապես տեղեկացված է, որ օդանավի «սև արկղերի» վերծանումները լիովին չեն հաստատում աղետից չորս օր անց իր կողմից հնչեցված վարկածը՝ ինչպես այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը: Իսկ դա նշանակում է, որ Վլադիմիր Պուտինը կարող է «ետ վերցնել» հեռախոսազրույցի ժամանակ արտահայտած «ներողության բառերը»:

Ալիևն ակնհայտորեն կանխել է Մոսկվայի քարոզչական «հակահարձակումը», եթե, մանավանդ, նկատի ունենանք, որ Դավոսում նրա և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հանդիպումն ընթացել է Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու և ադրբեջանական օդանավի աղետի պատասխանատվությունը նրան վերագրելու տոնայնությամբ, ինչը, բնականաբար, չէր կարող Կրեմլին չանհանգստացնել:

Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների պարբերական հանդիպումներում մշտապես ընդգծվել է Բաքվում ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ Իլհամ Ալիևի առանձնահատուկ վերաբերմունքի հանգամանքը: Ադրբեջանի նախագահը մշտապես շեշտել է, որ երկրում ավելի քան 300 դպրոցներում կրթությունն իրականացվում է ռուսաց լեզվով: Որքանո՞վ է այդ ծրագրերին ներգրավված Ռուսաստանի կառավարությունը: «Թուրանը» գրում է, որ «Русский дом»-ը գործում է «Россотрудничество»-ի հովանու ներքո:

Փաստացի ադրբեջանական հեռուստաընկերությունը Բաքվում ռուսաստանյան մշակութային և գիտա-կրթական ներկայացվածությունը համարել է «լրտեսական ցանց»: Բաքվում գործում են ռուսաստանյան հեղինակավոր բուհերի մասնաճյուղեր: Ընդ որում, Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի ռեկտորը ոչ այլ ոք, քան առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի քույրն է՝ Նարգիզ Փաշաևան: Ստացվում է, որ նա Ռուսաստանի ազդեցության գործակա՞լ է, Ալիևը կասկածում է անգամ ընտանիքի անդամների՞ն:

Իհարկե, բացառված չէ, որ BakuTV-ն «մահապարտի» քայլ է կատարել: Հանգամանքների փոփոխության դեպքում Ադրբեջանում այդ ընկերության կամ նրա լրագրողի նկատմամբ քրեական գործ հարուցելը խնդիր չէ: «Թուրանի» տեղեկացվացվածությամբ՝ Բաքվում սպասում են հեռուստահաղորդմանը Մոսկվայի արձագանքին: Ըստ էության, Ալիևը սպասում է օդանավի աղետի պատճառների հետաքննության նախնական զեկույցին: Բայց որքանո՞վ այն կարդարացնի սպասումները: