02/11/2026

EU – Armenia

Հայաստանը տարիներ շարունակ ֆինանսավորե՞լ է Ադրբեջանին

ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից պարզաբանումներ է պահանջել Արցախի Հանրապետությանը տարիներ շարունակ տրամադրված բյուջետային վարկերի վերաբերյալ։

Ղազարյանը հիշեցրել է, որ 2019-2023 թվականներին Հայաստանի պետական բյուջեից Արցախին միլիարդավոր դրամների վարկային միջոցներ են հատկացվել։ Նա հարց է բարձրացրել՝ եթե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների համաձայն՝ Արցախը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով Ադրբեջանի մաս է եղել, ապա արդյոք ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ ֆինանսավորել են Ադրբեջանին։

Պատգամավորի խոսքով՝ այդ միջոցներով Արցախում կառուցվել են շենքեր, ճանապարհներ և տարբեր ենթակառուցվածքներ, որոնք այժմ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ղազարյանը նախարարից պահանջել է առաջիկա քննարկումների ընթացքում ներկայացնել Արցախին հատկացված վարկային միջոցների ընդհանուր ծավալը, ինչպես նաև հստակեցնել՝ ով է պատասխանատու այդ գումարների վերադարձի համար և արդյոք դրանք ենթակա են վերադարձման։

Ի պատասխան՝ Վահե Հովհաննիսյանը պատգամավորին հարցրել է՝ արդյոք նա դեմ է եղել այն ժամանակ Արցախին վարկեր տրամադրելուն։ Սակայն Ղազարյանը նշել է, որ նախարարի պատասխանում իր բարձրացրած հարցերի հիմնավորումը չի տեսել՝ ընդգծելով, որ տվյալ դեպքում խնդիրը ոչ թե իր վերաբերմունքն է նախկին հատկացումներին, այլ դրանց իրավական և ֆինանսական հետևանքները։