Պուտինը պատրաստ է Թրամփի հետ զրույցին, մենք սպասում ենք ազդանշանների, այնպես որ սուրճի բաժակ նայելու կարիք չկա, հայտարարել է Կրեմլի խոսնակ Պեսկովը:
Թրամփը դրանից առաջ հայտարարել էր, որ ուզում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինին և քննարկել ուկրաինական պատերազմը կանգնեցնելու հարցը: Թրամփը նաև հայտարարել էր, որ, եթե Պուտինը չհամաձայնի գործարքին, ինքը ճնշում կբանեցնի նրա վրա պատժամիջոցների, նավթի գնանկման միջոցով:
Շատերը համարում են, որ Թրամփը հենց այդ թեմայով էր զանգահարել և խոսել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Բեն Սալմանի հետ: Սաուդյան Արաբիան նավթ արդյունահանող խոշոր երկիր է և մեծ դեր ունի ՕՊԵԿ-ում: Բայց արդյո՞ք Էր Ռիյադը կգնա Թրամփի հետ այդպիսի գործարքի, առավել ևս, որ Սաուդյան իշխանությունը ունի ֆինանսական խնդիրներ և ստիպված է որոշակիորեն կրճատել նաև իր մեգանախագծերից որոշները:
Իհարկե նրանց պարագայում ֆինանսական խնդիրը հնչում է հարաբերական, բայց նավթի գնանկումը կարող է պարզապես սաուդներին զրկել միլիարդավոր դոլարների եկամուտներից, ընդ որում պարզ չէ, թե հանուն ինչի: Հանուն նրա, որ Թրամփը կատարի՞ իր նախընտրական խոստումը: Դժվար է ասել, որովհետև չհամաձայնելու դեպքում Թրամփը գուցե կարող էր սպառնալ Ռիյադին:
Բայց, ինչպե՞ս, եթե դա պարզապես կարող էր նրանց մղել Չինաստանի գիրկը: Հիշենք, որ 2023 թվականին հենց Էր Ռիյադում տեղի ունեցավ Չինաստանի և արաբական հնգյակի առաջնորդների հանդիպումը: Բայց մի՞թե նավթի գների վերաբերյալ Թրամփի հայտարարությունը բլեֆ էր:
Դա, իհարկե, պետք չէ բացառել: ԱՄՆ նախագահը, այդուհանդերձ, հայտնվել է բավականին բարդ վիճակում: Նրան ճնշում է իր տված խոստումը, որ շատ արագ կդադարեցնի պատերազմը: Հետևաբար, պատերազմի շարունակության ամեն հաջորդ օր հարվածելու է նրա «վարկին»:
Մյուս կողմից, նրա համար իմիջային խնդիր է լինելու նաև պատերազմը թեժացնելը, եթե չստացվի կանգնեցնել: Թրամփը իսկապես բարդ վիճակում է և նրա հայտարարությունները թերևս ավելի շատ միտված են Պուտինի հետ հնարավոր գործարքի քարոզչական ֆոն ստեղծելուն, դրանից հետո առաջ մղելու համար այն մտայնությունը, որ գործարքն իր համար եղել է հաջող և կնքվել է իր պայմաններով:
Բայց անկասկած է մի բան, որ գործարքը թերևս անխուսափելի է, այլապես անխուսափելի է դառնալու արդեն ինքնաոչնչացման մեխանիզմի միացումը: Բախտորոշը լինելու է այն, թե հնարավոր այդ գործարքը ինչ առնչություն է ունենալու Ուկրաինայից բացի նաև այլ ուղղություններով, օրինակ՝ Կովկասի, և Կովկասում առկա հարցերի:
Մասնավորապես, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի և վրաց-աբխազական ու վրաց-օսական հարցերի: Թրամփն ու Պուտինը թերևս չեն կարող գործարք կնքել, շրջանցելով կովկասյան կոնֆլիկտները: Եթե գործարքը շրջանցի դրանք, ապա այդ կոնֆլիկտները թերևս կարող են վերածվել առանձին «մարտադաշտի», արդեն նոր գործարքի հեռանկարով:
Բաց մի թողեք
Կառավարությունը պարզապես բարձրացնում է ՓՄՁ հարկը, իսկ բացատրություններն ընդամենը փոքրերի համար են
Երևանն ինչո՞ւ չի հայտարարում, որ նոյեմբերի 9-ի իր ստորագրությունն այլևս վավեր չէ
Ձևավորվել է ոչ թե տնտեսական քաղաքականություն, այլ արտաքին կոնյուկտուրային տնտեսական էֆեկտը յուրացնելու ռեժիմ