16/02/2025

Թուրքիային խաղաքարտ կտա Հայաստանի թեմայով այլ խաղացողների հետ ավելի վստահ խոսակցության համար

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց հայերի ցեղասպանության վերաբերյալ Շվեյցարիայում արած իր հայտարարությունները՝ ասելով, թե անտեղի են ցեղասպանությունը ժխտելու կամ ուրանալու մեղադրանքները, քանի որ անհնար է ժխտել կամ ուրանալ ցեղասպանությունը, քանի որ այն անժխտելի փաստ է:

Բայց Փաշինյանը հայտարարեց՝ պետք է քննարկել, թե ցեղասպանության հարցում ինչ մտածողական ուղենիշներ են ձևավորված եղել մեզանում և որքանով են դրանք համապատասխանում հայկական պետականության շահերին:

Անշուշտ, ցեղասպանության փաստն ուրանալու կամ ժխտելու մասին գնահատականները ավելի շատ զգայական էին, ինչին էլ Փաշինյանը հակադարձում է: Մինչդեռ բուն հարցն ամենևին այն չէ, որ Փաշինյանը ժխտում է կամ ուրանում, այլ այն, որ Փաշինյանը Հայաստանի հանրությանն առաջարկում է քննարկում, որը մշտապես եղել է Թուրքիայի առաջարկը: Թուրքիան է մշտապես առաջարկել քննարկել այդ հարցը:

Մեղմ ասած, դժվար է պատկերացնել, որ Թուրքիան դա առաջարկել է՝ ելնելով հայկական պետականության շահերից: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը գնում է նույնիսկ մեկ քայլ առաջ: Թուրքիան առաջարկել է, գոնե հրապարակավ՝ մինչև հիմա, հարցը քննարկել պատմաբանների հանձնաժողովի մակարդակով: Նիկոլ Փաշինյանը փաստորեն հարցը քննարկման է «հանում» պետական մակարդակով:

Չի բացառվում, իհարկե, որ դա արվում է հետո պատմաբաններին «հասցեագրելու» համար, և հնարավոր է, որ Երևանի ու Անկարայի միջև եղել է այդպիսի խոսակցություն և Նիկոլ Փաշինյանը փնտրում է դրան հասնելու հանրայնորեն «լեգիտիմ» ճանապարհներ, կամ փորձարկում է հասարակական կարծիքը:

Եվ գուցե ոչ միայն հասարակական, այլ նաև միջազգային քաղաքական, որովհետև շատ ուշագրավ էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի գրառումն Իքսում, որտեղ նա հունվարի 29-ին հատուկ հիշեցրել էր, որ 24 տարի առաջ այդ օրը Ֆրանսիան ճանաչել է հայերի ցեղասպանությունը:

Ակնառու է, որ դիվանագիտական լեզվով դա արտահայտված անհամաձայնություն էր Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ: Չի բացառվում, որ գուցե հենց դա էր պատճառը, որ ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձեց մեղմել Շվեյցարիայում արած իր հայտարարությունների «միջավայրը»:

Միևնույն ժամանակ, Հայաստանը, իհարկե, իր քաղաքականությունը չպետք է կառուցի Ֆրանսիայի, Ռուսաստանի, կամ որևէ այլ պետության պատկերացումներով, թեև, այդ թվում նաև չպետք է կառուցի Թուրքիայի պատկերացումներով:

Հայաստանը, անշուշտ, չի կարող ռեգիոնալ իրադրությանն ու իրերի դրությանը նայել այն պրիզմաներով, որոնք կային այլևս, երևի թե, նախորդ աշխարհակարգում, արդեն՝ փլուզված աշխարհակարգում: Սակայն այդ խնդիրը ունի լուծման տարբեր ձևեր, և դրանց շարքում թերևս ամենավատ ձևն է պետական բարձր մակարդակով օգտագործել և շրջանառության մեջ դնել այնպիսի «ուղենիշներ», որոնք առավելապես համահունչ են Թուրքիայի քաղաքականությանն ու ձգտումներին:

Օրինակ՝ երբ Հայաստանը հայտարարում է, որ այսօր արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ ցեղասպանության հարցը, այլ օրակարգում գերական խաղաղության ապահովումն է, ապա այստեղ պատկերը կարող է ընդունելի և ականջահաճո չլինելով հանդերձ, լինել հասկանալի ու ռացիոնալ:

Բայց երբ Հայաստանն անցնում է առաջ և պետական մակարդակով քննարկելի դարձնում մի հարց, որը լավագույն դեպքում կարող է լինել ընդամենը պատմագիտական ուսումնասիրությունների առարկա, դա արդեն չի կարող լինել ընդունելի, ռացիոնալ և հասկանալի: Անշուշտ, Երևանը պետք է ձգտի Թուրքիայի հետ ուղիղ խոսակցության հնարավորության, բայց Թուրքիայի հետ, այլ ոչ թե Թուրքիայի պահանջով կամ պատվերով խոսակցության, լինի դա ուղղակի, թե անուղղակի պահանջ ու պատվեր:

Որովհետև պատճառահետևանքային այդ մեխանիզմը չի կարող ունենալ ավարտ, և չի կարող լինել հայ-թուրքական խոսակցություն, այլ ընդամենը Թուրքիային խաղաքարտ կտա Հայաստանի թեմայով այլ խաղացողների հետ ավելի վստահ խոսակցության համար: