Իլհամ Ալիևը իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:
«Մենք հատուկ կարևորություն ենք տալիս Ադրբեջանի և Իրանի միջպետական հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը, որ արմատավորված են մեր ժողովուրդների պատմական, կրոնական և մշակութային ընդհանուր արժեքների վրա, որ սերտորեն կապված են միմյանց»,- ասված է ուղերձում:
Ալիևն ընդգծել է, որ ներկայում Ադրբեջանը և Իրանը համագործակցում են առևտրատնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում և վստահություն հայտնել, որ համագործակցությունը կզարգանա և կամրապնդվի բարեկամության, եղբայրության և բարիդրացիության հիման վրա՝ ի շահ ժողովուրդների և երկրների բարգավաճման, տարածաշրջանում կայունության և անվտանգության:
Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև պաշտոնական շփում դեռևս տեղի չի ունեցել: Ալիևի ուղերձը հաջորդում է փոխվարչապետ Մուստաֆաևի, ապա և արտաքին քաղաքական հարցերով նրա օգնական Հաջիևի Թեհրան այցին, որի ընթացքում վերջինս Իրանի նախագահ Փեզեշքիանին փոխանցել է Բաքու այցի հրավեր:
Իրանական ուղղությամբ Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունները համընկնում են ռուս-իրանական համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի ստորագրմանը, որի մի շարք դրույթների գործնականացումն առանց Ադրբեջանի համաձայնության կամ անիրականանալի է, կամ կպահանջի լրացուցիչ ռեսուրսներ:
Իրանի նախագահին Ալիևի շնորհավորական ուղերձում երկու ժողովուրդների պատմական, կրոնական և մշակութային ընդհանրության, բարեկամության և եղբայրության մասին շեշտադրումները Մերձավոր Արևելքում գետնի վրա իրավիճակի և Իրան-Իսրայել առճակատման հավանականության, Թեհրանի դեմ Միացյալ Նահանգների խստագույն պատժամիջոցների սահմանման ֆոնին արտառոց են թվում՝ հաշվի առնելով իրողությունը, որ Ադրբեջանը մնում է Իսրայելի դաշնակից և հայտարարել է ԱՄՆ հանրապետական վարչակազմի հետ գործընկերության վերբեռնման արտաքին քաղաքական ուղեգիծ:
Քաղաքական պրագմատիզմի առումով Ադրբեջանի նախագահը պետք է գոնե հրապարակային տիրույթում Իրանի հետ պատմական, կրոնական և մշակութային ընդհանրության ընդգծումից պետք է որ ձեռնպահ մնար՝ ինչպես ասում են՝ «մինչև կանցնի վտանգը» և կանխատեսլի կլինի, թե ԱՄՆ-ը և Իսրայելն ի՞նչ որոշում են ընդունում Իրանի հարցում: Բայց նա, կարծես, հավաստիացնում է, որ ոչ միայն մնում է կրոնա-մշակութային «եղբայրության» տիրույթում, այլև առաջարկում է համագործակցությունն ավելի խորացնել:
Այս առումով կարևոր է, որ Իրանի նախագահին Ալիևի շնորհավորական ուղերձը հաջորդում է Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հարցում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ խորհրդաժողով անցկացնելու հարցը:
Ալիևը Փեզեշքիանին ուղերձ է հղել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալայզիա, Ինդոնեզիա և Պակիստան ուղևորվելուց առաջ կոշտ հայտարարել է, որ ոչ ոք չի կարող պաղեստինցի արաբներին տարհանել իրենց հազարամյա հայրենիքից:
Չափազանց կարեւոր է, որ Էրդողանի այդ հայտարարությունից հետո ՀԱՄԱՍ-ը որոշել է առկախել իսրայելցի պատանդներին վերադարձնելու պայմանավորվածության կատարումը: Այն պետք է տեղի ունենար շաբաթավերջին: ՀԱՄԱՍ-ն իր այդ քայլը հիմնավորել է Իսրայելի կողմից հրադադարը խախտելու քայլերով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԱՄԱՍ-ին «դժոխք» է խոստացել, եթե փետրվարի 15-ի կեսօրին՝ ժամը 12:00-ին իսրայելցի բոլոր պատանդներն ազատ չարձակվեն: Թրամփն, ընդսմին, կոնկրետացրել է, որ խոսքը բոլոր պատանդների համաժամանկյա ազատ արձակման մասին է: Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ կհետև, եթե դա տեղի չունենա, ԱՄՆ նախագահը պատասխանել է, թե որոշում պետք է Իսրայելն ընդունի, բայց եթե ինքը լիներ, ապա չեղյալ կհայտարարեր հրադադարը:
ՀԱՄՍ-ն, ըստ երեւույթին, պայմանավորվածությունն առկախելու մասին հայտարարություն տարածել է՝ հիմք ընդունելով Գազայի ապագա կարգավիճակի մասին Թուրքիայի նախագահի վճռական հայտարարությունը: Իրավիճակի փոփոխության դեպքում, գուցե, Էրդողանն ընդունի ԱՄՆ կողմից էական նշանակության որևէ «զիջում»:
Բայց առկա իրավիճակում Իրանի հետ բարեկամությունը և եղբայրությունը խորացնելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի հավաստիացումները հուշում են, որ նա չի հակադրվում Պաղեստինի հարցում թուրք-իրանական համագործակցությանը:
Թուրքիան և Իրանն, անշուշտ, տարածաշրջանային մրցակիցներ են, անվստահություն և կասկածամտություն, նույնիսկ թշնամանք են փոխանակում, բայց կարճաժամկետ հեռանկարում Թեհրանը և Անկարան կարող են «ընդհանուր ճակատ» կազմել՝ պահպանելու Պաղեստինի անկախ պետության հռչակման հնարավորությունը և հակակշռելու Մերձավոր Արևելքում Իսրայելի օրեցօր աճող հավակնությունները:
Այդ իրավիճակային «ալյանսին», երեւում է, Իլհամ Ալիևը մասնակցության հայտ է ներկայացնում: Բաքվում, հավանաբար, հաշվարկվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը տևելու է, Մոսկվան Հարավային Կովկասում գործուն քայլեր ձեռնարկելու ռեսուրս չունի, իսկ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի համար այդ ուղղությունը ռազմավարական նշանակության չէ:
Ալիևն, այսպիսով, բացահայտվում է որպես ռուս-ուկրաինական պատերազմի «հայելի» և փորձում է, երևի, Իրանի հետ համագործակցությունը ծառայեցնել Թեհրանի միջոցով Հայաստանի տարածքում հաղորդուղիների խնդրի լուծմանը: Այլ բան է, թե որքանո՞վ դա ընկալելի կլինի իրանական կողմի համար կամ «Մեղրիի հանգույցը քանդելուն» օժանդակության դիմաց նա Բաքվից ի՞նչ ակնկալիքներ կունենա:
Բաց մի թողեք
Թրամփ-Պուտին նոր հեռախոսազրույցին ընդառաջ մերձավորարևելյան իրավիճակի «բազմաճյուղ» լարումը
Անկարան կառավարվում է Բաքվից, այսպես մինչև երբ և ուր
Հայաստանը դեմ է Ռուսաստանի, Ադրբեջանը՝ Միացյալ Նահանգների «մոդերատորությանը»