Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով:
Ըստ տեղեկության՝ հայցը ներկայացվել է ֆրանսիացի փաստաբան Սևագ Թորոսյանի միջոցով, որը Փարիզի փաստաբանների կոլեգիայի և ՄՔԴ-ին առընթեր փաստաբանական պալատի անդամ է: Խորհուրդը պահանջում է, որ ՄՔԴ դատախազը, Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն, ձեռնարկի հետևյալ քայլերը:
Ճանաչել 2020-2023թթ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների քննությունը սկսելու համար բավարար հիմքերի առկայությունը: Դատարանի նախնական պալատ ուղարկել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՄՔԴ տարածքային իրավասության հարցը:
Իլհամ Ալիևի, ինչպես նաև 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին բոլոր մեղսակիցների ձերբակալման միջազգային օրդեր տալ։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությունը կարևոր է:
Անշուշտ, այն չպետք է լինի հերթական պատրանքի առիթ, թե միջազգային քրեական դատարանը կարող է որևէ էական ազդեցություն ունենալ Ադրբեջանի վարքագծի վրա: Այդուհանդերձ, նախաձեռնությունը կարևոր է նրանով, որ բացում է հավելյալ իրավա-քաղաքական գիծ, որը, համենայն դեպս կարող է լինել միջազգային օրակարգում Հայաստանի ու Արցախի համար կարևոր իրավական կռվաններ ամրագրելու տարածություն և հնարավորություն:
Ընդ որում՝ ինչպես հնարավոր է դատել օրերս Ֆրանսիայում կայացած՝ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների միջև հանդիպումից, նախաձեռնությունը մեծ հաշվով նաև անհամաձայնություն է պաշտոնական Երևանի մոտեցումներին, որոնք հերթական անգամ ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանը:
Այդ անհամաձայնությունը, սակայն արտահայտվում է կոնկրետ քայլերով, օգտագործելով միջազգայնորեն լեգիտիմ հնարավորությունները: Խոշոր հաշվով, այս հանգամանքը, թերևս, նաև որոշակի կոնցեպտուալ օրինակ է, մասնավորապես այն համատեքստի, որ նախորդ տարի սեպտեմբերին ազդարարել էր Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն, երբ ժամանում էր Հայաստան և կոչով դիմել էր հայաստանյան հանրությանն ու հայությանը, մատնանշելով Հայաստանի և Արցախի համար կարևոր այս շրջափուլում ոչ կառավարական շրջանակների ջանքի կարևորությունը:
Այդ շրջանակները կարող են ազդեցություն չունենալ պաշտոնական Երևանի քաղաքականության վրա՝ լինելով դրա սկզբունքներին և փիլիսոփայությանը անհամաձայն, սակայն պաշտոնական Երևանն էլ իր հերթին ի զորու չէ սահմանափակել ոչ կառավարական՝ թե հայաստանյան, թե համահայկական տիրույթում գործող կառույցներին, միջազգայնորեն հնարավոր հարթակների և կարգի շրջանակում առաջ մղել իրենց պատկերացումները:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի քայլն այդ իմաստով ողջունելի օրինակ է:
Բաց մի թողեք
ԱՄՆ ակտիվության «թեման» Իրանն է
Ղրիմի ռուս – թուրքական «փորձությո՞ւնը», ինչ կհրահանգի Էրդողանին Թրամփը
Փողին մուննաթ․ Թրամփն անգամ կարող է թույլ տալ, որ Պուտինը վերականգնի Սովետը