Սպիտակ տանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սատարում է Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայմանը, բայց դա պետք է իրականացվի այն ձևաչափով, որ ընդունելի կլինի բոլոր կողմերի համար:
Սպիտակ տան դիվանագիտական աղբյուրը «Ուոլ սթրիթ ջըրնլ»-ին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախագահը Վաշինգտոնից հեռացել է տպավորությամբ, որ իրեն «հաջողվել է Դոնալդ Թրամփի հետ հասնել փոխըմբռնման»:
Վաշինգտոնում սպասում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերին, իսկ եվրոպական աղբյուրները հայտնում են, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ծարգրում էր հրադադարի հաստատումից հետո Ուկրաինա խաղաղապահ ուժերի ուղարկել: Փարիզը և Լոնդոնը, սակայն, գտնում են, որ այդ առաքելությունը Միացյալ Նահանգների աջակցության կարիք ունի:
Ըստ տեղեկությունների, պետական դեպարտամենտը քննարկում է արտասահմանյան աջակցության սահմանափակման ընդհանուր գծիվ Ուկրաինայի համար «բացառություններ անել»: ԱՄՆ նախագահն շտապել է պարզաբանել, որ Ուկրաինա «ամերիկյան զինվորներ չեն ուղարկվի»:
Ռուս-ամերիկյան «գործարքի» շուրջ իրավիճակը գոնե մոտավոր գնահատելու համար, երևի, հարկ է ուշադրությամբ դիտարկել Եվրամիության հասցեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որտեղ նա Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկումներին եվրոպական երկրների դիրքորոշումը բնութագրել է «կլոունադա»:
Բանն այն է, որ եվրոպական մի շարք երկրներ լրացումներ են առաջարկել Միացյալ Նահանգների ներկայացրած բանաձևի նախագծին, ինչից հետո ԱՄՆ ներկայացուցիչը չի պնդել, որ այն քվեարկության դրվի:
Արդյունքում Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի և եվրոպական մի քանի երկրների հեղինակած բանաձևը, որտեղ Ռուսաստանը ճանաչվում է «ագրեսոր»: Ռուսաստանյան մամուլն այս տեղեկատվությունն ուղեկցել է «ՄԱԿ-ի ԳԱ բանաձևերը խորհդատվական բնույթ են կրում» մեկնաբանությամբ՝ հասկացնելով, որ Մոսկվան որևէ պայման կատարելու մտադրություն չունի:
Շատ կարևոր է, որ Մակրոնի հետ բանակցություններից հետո մամուլի հետ շփումներում Միացյալ Նահանգների նախագահի խոսույթում «գործարք» հասկացությունը տեղը զիջել է «կրակի դադարեցման համաձայնութուն» ձևակերպմանը:
Ռուսաստանը, ինչպես հայտնի է, հրադադարի հաստատման, հակամարտության սառեցման առաջարկությունը գոնե հրապարակային հայտարարություններում չի ընդունում և պնդում է, որ պետք է հասնել համապարփակ կարգավորման, որը կհաղթահարի հակամարտության սկզբնապատճառները:
«Ուոլ սթիրթ ջըրնլը», ինչպես inosmi.ru-ն է փոխանցում, տեղեկացվել է, որ Ուկրաինայի հարցով «Թրամփի թիմում միասնական դիրքորոշում չկա»: Սպիտակ տունը չի ժխտում, որ հակամարտության զինված փուլի ավարտից հետո Ուկրաինան պետք է անվտանգության երաշխիքներ ստանա: Եվրոպական խաղաղապահ ուժերն, ըստ այդմ, պետք է հետևեն հրադադարի պահպանմանը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Եվրամիության համար ուկրաինական կարգավորման բանակցային սեղանին տեղ չի տեսնում, քանի որ նրանք արդեն ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում կլոունադա են կազմակերպել:
Մոսկվան, ըստ երևույթին, խոր մտավախություն ունի, որ Եվրամիության առաջատար երկրները և Մեծ Բրիտանիան կարող են Թրամփի նկատմամբ ազդեցության լծակներ գործի դնել:
Ռուսաստանի իշխանությունները, ռազմաքաղաքական վերնախավը, իհարկե, հազիվ թե գայթակղություն են ունեցել, որ ԱՄՆ նախագահին կհաջողվի ոչ միայն ներքին ընդդիմախոսներին «հպատակեցնել», այլև Եվրամիությանը «հարկադրել», որպեսզի պաշտպանեն Վլադիմիր Պուտինի հետ ամբողջական գործարքը:
Խնդիրն այս դեպքում, ինչ խոսք, Զելենսկու հանդեպ Թրամփի «վրեժխնդրության», մյուս կողմից Ուկրաինայի նկատմամբ Եվրամիության «պլատոնական սիրո» մեջ չէ: Հին աշխարհը պարզապես չի կարող անձնատուր լինել ռուս-ամերիկյան «սեպարատ աշխարհաբաժանմանը»:
Եվ որքան Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ԱՄՆ նախագահի հետ «կոշտ խոսեն», այնքան Ուկրաինան «կլանելու» ռուսաստանյան նախագծի գործնականացման հավանականությունը նվազում է: Իսկ Վլադիմիր Պուտինը նահանջի տեղ չունի, ուկրաինական սուվերեն տարածքի մեկ հինգերորդը, ՌԴ սահմանադրությամբ, ռուսաստանապատկան են:
Ռուս-ամերիկյան բանակցությունները, այսպիսով, ավելի շատ ոչ թե հանդուցալուծման, այլ նոր հանգույցների «սնուցման» կարող են տանել:
Բաց մի թողեք
Հայաստանը նրանց հարաբերությունների տեղատվության փուլերում կարող է լինել առիթ, բայց ոչ պատճառ
Բաքուն Թրամփին նամակ է գրում՝ մատնագիր, որ Էրդողանը գտնվում է նրա մրցակիցներին ազդեցության ներքո
Արդյո՞ք միայն ֆուտբոլային ինտրիգն էր Վրաստանի վարչապետին ու պաշտպանության նախարարին բերել Երևան