22/03/2025

Բրիտանական թանգարանի Հունաստանի և Հռոմի բաժնի ղեկավարը հանդես եկավ Անահիտ աստվածուհուն նվիրված բանախոսությամբ

Հայաստանի պատմության թանգարանի միջազգային համագործակցության և «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության շրջանակում կայացավ ուշագրավ բանախոսություն՝ «Բազմադեմ Սատաղյան Անահիտը» խորագրով։

Թանգարանի հրավերով բանախոսությամբ հանդես եկավ Բրիտանական թանգարանի Հունաստանի և Հռոմի բաժնի ղեկավար Թոմաս Հարիսոնը։ Նա ներկայացրեց Անահիտի բրոնզաձույլ արձանի պատմությունը՝ սկսած դրա հայտնաբերումից մինչև մեր օրերը, ինչպես նաև անդրադարձավ արձանի ցուցադրությանը Բրիտանական թանգարանում և նրա ընկալմանը դասական արվեստի համատեքստում։ Բանախոսը քննարկեց նաև «Բրոնզե դիմակի» արտահայտությունը և արձանի նույնականացման հնարավոր տարբերակները՝ Անահիտի, Աֆրոդիտեի կամ Արտեմիսի կերպարներով։

Մինչ բանախոսությունը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը իր խոսքում ընդգծեց, որ մեծ բավականություն է ստացել այն փաստից, որ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանին նվիրված այս աննախադեպ ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Նա տպավորիչ համարեց այն, որ ցուցադրության առաջին երկու ամսվա ընթացքում այն արդեն 12 հազար այցելու է ունեցել։ Դեսպանը նշեց, որ այս ցուցադրությունը կարևոր քայլ է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում և կոչ արեց անպայման այցելել թանգարան՝ Անահիտին տեսնելու, քանի դեռ առկա է նման հնարավորություն։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր խոսքում նշեց, որ մեծ ուրախությամբ հյուրընկալում են այս կարևոր և հետաքրքիր բանախոսությունը։ Նրա կարծիքով՝ այս միջոցառումը պատմական նշանակություն ունի և կարևոր քայլ է Հայաստանի և Բրիտանական թանգարանների համագործակցության համատեքստում։

Translate »