22/03/2025

Ռուս-ամերիկյան համաձայնությունը խորքայի՞ն է, թե՞ իրավիճակային

«Ոչ մի խոսք չի կարող լինել Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, նույնիսկ ուկրաինական զորքերի թիկունքում»,- այդ մասին դիվանագիտական շրջայցից հետո հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նաև հասկացրել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնականացման նպատակից: Ընդ որում՝ դա պետք է տեղի ունենա Ուկրաինայից մնացած ամբողջ տարածքում:

Լավրովի դիտարկումներն ավելի բաց տեքստով շարադրել է ՌԻԱ-Նովոստի պետական գործակալության մեկնաբանը, որ գնահատմամբ՝ Ռուսաստանը թույլ չի տա, որ Օդեսայում անգլո-ֆրանսիական դեսանտ իջեցվի: Հեղինակը համարում է, որ Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայումը փաստացի ՆԱՏՕ-ին այդ երկրի ինտեգրում է նշանակում:

Նա ամփոփում է, որ Եվրոպական պետք է հաշտվի հեռանկարի հետ, որ իր սահմանին կունենա ուժեղ և ոչինչ չմոռացող Ռուսաստանի ներկայություն, որ նոր հարաբերություններ է հաստատվում նոր ԱՄՆ-ի հետ։

Լավրովը, ինչպես հայտնի է, կտրուկ մերժել է Ուկրաինայում զորքերի ներկայիս շփման գծով հրադադար հաստատելու գաղափարը և բազմանշանակ ասել, որ Ռուսաստանը սահմանադրություն ունի: Դա, ըստ էության, պահանջ է, որ Ուկրաինան զորքերը պետք է հեռացնի բոլոր այն տարածքներից, որ Ռուսաստանն ամրագրել է իր սահմանադրությամբ:

Լավրովի այս հայտարարությանը Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն արձագանքել է դիվանագիտորեն զուսպ, բայց ենթատեքստով բավական զգուշացնող ձևակերպմամբ․«Մենք պետք է համոզվենք, թե Ռուսաստանը որքանով է անկեղծ պատերազմը դադարեցնելու հարցում»:

Ընդ որում՝ եթե ԱՄՆ նախագահն շտապել էր անոնսավորել, որ Ռուսաստանի հետ բանակցությունների երկրորդ փուլը կմեկնարկի փետրվարի 25-ին, ապա փետրվարի 27-ին Ստամբուլում ռուս և ամերիկացի դիվանագետների հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերությունների վերականգման հարցն է:

Իսկ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը նախօրերին ասել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների նոր հեռախոսազրույց դեռևս չի ծրագրվում:

Այսպիսով կարելի է ենթադրել, որ Լավրով-Ռուբիո բանակցությունները չափազանց բարդ են եղել: Եվ տպավորությունը, որ «ահա Թրամփը և Պուտինը կբաժանեն աշխարհը, ամեն ինչ իր տեղը կընկնի»-իրականության հետ հեռավոր առնչություն իսկ չունեն:

Ռուս-ամերիկյան բանակցությունների հաջողության կամ արդյունավետության հեռանկարի մասին հնարավոր կլիներ ենթադրություններ անել, եթե Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո ուկրաինական ռազմաճակատներում հրադադար հաստատվեր կամ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազեր:

Կողմերը նման համաձայնության չեն եկել: Միացյալ Նահանգների նախագահի վերջին օրերի հայտարարությունները, մեղմ ասած, հակասական են: Մի կողմից նա Եվրոպային մղում է սեփական հնարավորություններով անվտանգային հարցեր լուծելու, մյուս կողմից աջակցություն է հայտնում Ուկրաինայում եվրոպական խաղաղապահների տեղակայմանը, իսկ «երրորդ ձեռքով» պատրաստվում Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների շահագործման պայմանագիր ստորագրել:

Տպավորություն է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները ոչ թե գործընթաց են մեկնարկում, այլ «խաղում են նախապես մշակված սցենարով», որի իմաստը միջազգային քաղաքականությունից Եվրամիության սուբյեկտության բացառումն է:

Բանակցություններն Ռուսաստանին հնարավորություն են տալիս լեգիտիմացնել, որ Ուկրաինան պետական ինքնությունից զուրկ է, ոչ թե պայմանավորվող կողմ, այլ պայմանավորվածությունների առարկա է: Իսկ դա թույլ է տալիս այդ երկրի տարածքում ավելի խորանալ և միաժամանակ Եվրոպային մատնել անորոշության, ներշնչել անպաշտպանվածության զգացողություն:

Միայն այն, որ ՌԻԱ-Նովոստիի մեկնաբանը Եվրոպային հիշեցնում է, որ Ռուսաստանը «ոչինչ չի մոռացել», արդեն իսկ շատ զգաստացնող է: Խնդիրն այն է, թե որքանո՞վ է երաշխավորված, որ «նոր ԱՄՆ»-ը ոչ թե Դոնալդ Թրամփի, այլ առհասարակ ամերիկյան նախագիծ է:

Այսինքն՝ ռուս-ամերիկյան համաձայնությունը խորքայի՞ն է, թե՞ իրավիճակային: Վլադիմիր Պուտինը չորս տարվա ժամանակ ունի՞, թե՞ Միացյալ Նահանգների հաջորդ վարչակազմը նույնպես Եվրամիությունը «հանձնելու է» նրա քմահաճույքին:

Translate »