Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կենսագրության գիտակները վաղուց են բացահայտել, որ նա Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտից, ինչպես խորհրդային տարիներին էր ընդունված ասել՝ դուրս է մնացել:
Ընթացիկ քննաշրջանում նրան անբավարար է նշանակել հայտնի քաղաքագետ Վալենտին Զորինը: Ընդ որում, Զորինը չի ենթարկվել Քաբյուրոյի անդամ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Հեյդար Ալիևի ճնշումներին, վերաքննությանը դարձյալ անբավարար է նշանակել:
Եվ հայր Ալիևն ստիպված է եղել որդուն մեկ տարի դասավորել Կիևի համասեռ ինստիտուտում: Ճիշտ է, համառությունը Զորինին թանկ է նստել, նրան որպես քաղաքական մեկնաբան գործուղել են Վաշինգտոն, բայց Իլհամ Ալիևն էլ ՄԳԻՄՕ-ն «բարեհաջող ավարտել է» մեկ տարվա ուշացումով:
Այս պատմությունը կարելի էր «չարակամների հնարած» անվանել, եթե Ադրբեջանի նախագահը հերթական անգամ չապացուցեր, որ, լինելով պատմական գիտությունների թեկնածու, ոչ միայն պատմաբանի բարեխղճությունից և անաչառությունից է զուրկ, այլև՝ տարրական գիտելիքներից:
Մարտի 5-ին նա Իգդիր-Նախիջևան գազամուղի բացման առթիվ ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության «անկումից հինգ ամիս անց բոլշեւիկներն արևմտյան Զանգեզուրը միացրել են Հայաստանին և Ադրբեջանը կտրել նրա անբաժանելի մաս Նախիջևանից»:
Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը «անկել է» 1920թ. ապրիլի 28-ին: Ըստ Իլհամ Ալիևի, բոլշևիկներ «արևմտյան Զանգեզուրը Հայաստանին են միացրել» 1920 թ. սեպտեմբերին:
Իրականություն է, սակայն, որ 1920թ. սեպտեմբերին Հայաստանը դեռևս անկախ պետություն էր, այնտեղ բոլշևիկյան կարգեր հաստատված չէին: Ավելին, 1920թ. օգոստոսին Բաքվում գումարվել էր Արևելքի ժողովուրդների համագումար, որի ընդունած բանաձևը Հայաստանը հռչակել էր «միջազգային իմպերիալիզմի դաշնակից և կոմունիստական հեղափոխության թշնամի»:
Տարրական տրամաբանությունը հաստատում է, որ բոլշեւիկներն իրենց թշնամի, միջազգային իմպերիալիզմի դաշնակից Հայաստանին ոչ մի նվիրատվություն չէին անի և չեն արել:
Ադրբեջանի նախագահը, պարզվում է, սեփական երկրի պատմությունը չգիտի: Բանն այն է, որ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության «անկումից» ընդամենը երկու օր անց բոլշևիկացած Ադրբեջանի կառավարությունը, որ կոչվում էր «Ռազմա-հեղափոխական կոմիտե», պաշտոնական նոտա է հղել անկախ Հայաստանին և պահանջել, որ հայկական զորքերը դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից և Զանգեզուրից՝ հակառակ դեպքում սպառնալով հարցը լուծել պատերազմով:
Այդ պատերազմը հանուն Ադրբեջանի Հայաստանի դեմ սանձազերծել է բոլշևիկյան Ռուսաստանը, որի 11 –րդ բանակը 1920թ. մայիսի 3-ին հարձակման է անցել երկու՝ Ղազախ-Իջևան և Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Պատերազման գործողությունները շարունակվել են մինչև 1920թ. օգոստոսի 10-ը, երբ Թիֆլիսում կողմերն ստորագրել են զինադադարի համաձայնություն:
Այդ փաստաթղթով Հայաստանը հարկադրված է եղել ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը բոլշևիկյան զորքերի կողմից ժամանակավորապես օկուպացված են, իսկ վերջնական կարգավիճակի հարցը պետք է լուծվի Ռուսաստան-Հայաստան խաղաղության պայմանագրով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կարծում ենք, հասկանում է, որ երբ երկու երկրների միջև կնքվում է զինադադարի համաձայնագիր, նշանակում է,որ մինչ այդ նրանք գտնվել են պատերազմական իրավիճակում:
Եվ եթե պատերազմ սկսող կողմը, տվյալ դեպքում՝ բոլշևիկյան Ռուսաստանը, ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը «ժամանակավորապես օկուպացված են» և նրանց վերջնական կարգավիճակը պիտի որոշվի խաղաղության պայմանագրով, ուրեմն ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Հայաստանի անկախ պետությունից պատերազմով օկուպացված տարածքներ են:
Խորհրդային ո՞ր հանրապետության կազմում են ընդգրկվել Հայաստանից բոլշևիկյան Ռուսաստանի օկուպացրած այդ տարածքները: Նախիջևանը և Լեռնային Ղարաբաղը լիովին «թողնվել են Ադրբեջանի կազմում», իսկ Զանգեզուրի գավառը՝ բաժանվել հայկական և քրդական մասերի:
Այն, ինչ Իլհամ Ալիևն անվանում է «արևելյան Զանգեզուր», ամենևին էլ ադրբեջանական չէ: Այնտեղ կազմավորվել է «Կարմիր Քրդստան», որ հետագայում լուծարվել է:
Այնպես որ՝ բոլշևիկները Հայաստանին ոչինչ չեն «նվիրել»: Նրանք հանուն Ադրբեջանի պատերազմ են հայտարարել անկախ Հայաստանին, օկուպացրել նրա տարածքները և մի քանի ամիս անց նվիրել խորհրդային Ադրբեջանին:
Բաց մի թողեք
Հայաստանը, ցավոք, Ադրբեջանին պարտվում է բոլոր հարթակներում, վերջ կերևա՞ ․․․
Մի՞թե Էրդողանն ընտրել է «պատերազմի արտահանման սպառնալիքով» իշխանությունը երկարաձգելու տարբերակը
Իրեն ամբողջ թափով ԵՄ-ին առաջարկող Էրդողանը հրաժարվում է Բրյուսելի գագաթնաժողովին մասնակվելուց