Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է մարտի 20-ին Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում վերջինիս հնչեցրած մտքերին:
Մնալով իր ագրեսիվ ոճին հավատարիմ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը նախ «մաքրել» է իր վրայից սեփական մեղավորությունը, այնուհետև նույն գործելաոճով ու կեղծ մեղադրանքների շարանով պատասխանել ՀՀ ԱԳՆ ղեկավարին:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ կրկին տեղ է գտել պնդումն այն մասին, թե, իբր, Հայաստանը հավակնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, և այդ մասին ամրագրում կա ՀՀ Սահմանադրության մեջ: Գերատեսչությունը պնդել է, թե երկար ժամանակ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության չգալու «մեղքը հայկական կողմինն» է:
«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ երբ Հայաստանը հաղթահարի առկա դժվարությունները, համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման։
Երբ արտգործնախարարը և Հայաստանի այլ պաշտոնյաներ հայտարարում են, որ Ադրբեջանը դրական չի արձագանքում, այսպես կոչված, հաղորդակցությունների և «զենքի վերահսկման մեխանիզմների» վերաբերյալ առաջարկներին, թվում է, թե հայկական կողմը կա՛մ չի հետևում այս հարցում Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանություններին, կա՛մ ձգտում է ոչ բարի կամք դրսևորել և շահարկումների դիմել»,- պաթոսով և հուզված հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նկատի ունենալով սեփական երկրի Պաշտպանության նախարարության կեղծ հաղորդագրություններին ու ապատեղեկատվությանը տված՝ ՀՀ ՊՆ և վարչապետի աշխատակազմի պատասխանները:
Նշենք՝ Արարատ Միրզոյանը Բրազիլիայի գործընկերոջ հետ ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ բացի խաղաղության համաձայնագրի կոնկրետ առաջարկներից, կանխատեսելիության բարձրացման և փոխվստահության ձևավորման համար Հայաստանը հանդես է եկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմների ստեղծման վերաբերյալ կառուցողական նախաձեռնություններով։
«Ցավոք, նշված առաջարկները չեն ստացել կառուցողական պատասխան Ադրբեջանից. մենք դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման վերաբերյալ առաջարկների առնչությամբ: Չնայած մենք հայտարարել ենք խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացման մասին, վերջին օրերին Ադրբեջանը լիովին կեղծ մեղադրանքներ է ներկայացրել՝ կապված հրադադարի խախտումների հետ, որոնք Հայաստանը կտրականապես մերժում է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի»,- ասել էր Միրզոյանը:
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել