Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին պարզաբանել է, որ Թեհրանը դեռ չի պատասխանել Դոնալդ Թրամփի նամակին: Նա նշել է, որ առաջիկա օրերին կպատասխանեն այն ձևաչափով, որը հարկ կհամարեն: Նա նշել է, որ դա չի լինի ուղիղ կապի ձևաչափ:
Այլ կերպ ասած, Իրանը Դոնալդ Թրամփի նամակին կպատասխանի միջնորդավորված: Դա կլինի Էմիրություննե՞րը, որոնց միջոցով իր նամակն էր փոխանցել Թրամփը, թե՞ Իրանը կընտրի այլ միջնորդ:
Աբբաս Արաղչին նշել է նաև, որ այդ նամակում կան թե՛ ռիսկեր, սպառնալիքներ, թե՛ հնարավորություններ, և իրենք կուսումնասիրեն թե՛ մեկը, թե՛ մյուսը: Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Դոնալդ Թրամփը երկու ամիս ժամանակ է տվել Իրանին՝ միջուկային նոր գործարքի համար: Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը վկայում է, որ Թեհրանը, համենայն դեպս, դեմ չի լինելու քննարկել հարցը, բայց դա չի անի Թրամփի կամ ԱՄՆ հետ ուղիղ, այլ կխոսի միջնորդով:
Պետք է ենթադրել, որ տվյալ պարագայում խոսքը բոլորովին պարզապես միջնորդի մասին չէ, որը կտրամադրի հարթակ կամ այսպես ասած՝ տեղեկատվություն կտանի-կբերի: Խոսքը, թերևս, միջնորդի մասին է, որը ինքը նաև կլինի գործընթացի լիարժեք մասնակից, եթե խոսքը միջուկային գործարքի մասին է: Դա նշանակում է, որ Իրանն ակնարկում է թերևս այդ գործարքի մասնակիցների հնարավոր կազմի մասին, այն համատեքստով, որ իր համար ընդունելի չի կարող լինել ԱՄՆ հետ երկկողմ գործարքը:
Ըստ ամենայնի՝ այդ իմաստն են պարունակում նաև հայտարարությունները, որ հնչում են Թեհրանից՝ ԱՄՆ-ին չվստահելու վերաբերյալ: Իսկ ու՞մ է վստահում Իրանը, ի՞նչ շրջանակ է պատկերացնում միջուկային գործարք քննարկելու համար: Նախորդը, որ կնքվել էր 2015 թվականին, ներառում էր վեց երկրներ՝ եվրոպական եռյակը ի դեմս Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի, նաև ԱՄՆ, Ռուսաստանն ու Չինաստանը: Իրանը այսօր հայտնում է ԵՄ-ի հետ բանակցելու պատրաստակամություն, ի տարբերություն ԱՄՆ-ի հանդեպ անվստահության մասին հայտարարությունների:
Բայց ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, օրինակ, կարծես թե աչքի են ընկնում ԵՄ-ի հանդեպ այսպես ասած մերժողական դիրքորոշումով, ընդ որում՝ խոսքը լայն իմաստով է, այլ ոչ թե բուն Իրանի հետ հնարավոր գործընթացների: Արդյո՞ք Թեհրանն այդտեղ ունի անհամաձայնություն և ակնկալում է միջուկային գործարքի վերականգնում նախկին տեսքով՝ 6+1, թե՞ Իրանի համար սկզբունքային է Ռուսաստանի ու Չինաստանի մասնակցությունը, որոնց հետ Թեհրանն օրերս ռազմածովային եռակողմ վարժանքներ էր իրականացնում Պարսից ծոցում:
Իհարկե, էական է նաև, թե ինչ կանի եվրոպական եռյակը՝ Իրանի միջուկային ծրագրի հարցում նոր գործարքից դուրս մնալու պայմաններում: Ուկրաինական կարգավորման հարցում ակնառու է Եվրոպայի ակտիվ դիմադրությունը: Եթե Իրանի հարցում էլ լինի այդպիսին, ապա այդ պարագայում Կովկասը, թերևս, իր վրա առավել դինամիկ կարող է զգալ այդ դիմադրությունը:
Բաց մի թողեք
Սպիտակ տունն ու Թրամփն անձամբ գոհ չեն Պուտինի որոշումից
Չինաստանի նոր հետաքրքրությունները Հայաստանում և Ադրբեջանում
Փոխվել են դերակատարները, նույնն է սակրալ հարցը՝ Պուտինը կանգ կառնի՞