ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի Բյուրոյի ղեկավար Լուիս Լ՛Բոնոն ողջունել է հայ-թուրքական համաձայնությունը, ըստ որի՝ տասն օրով բացվել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետն ու Հայաստանի Թուրքիայի տարածքով մարդասիրական բեռներ է առաքել Սիրիա:
Ինչպես արդեն հայտնել եմ, այս հանգամանքը չափազանց սուր է ընդունել Ադրբեջանը: Բաքուն պաշտոնապես չի արտահայտվել հայ-թուրքական այդ համաձայնության դեմ, սակայն ադրբեջանական պրոպագանդան լծվել էր այդ որոշման համար Թուրքիային մեղադրելու գործին, Հայաստանի հետ համաձայնությունը որակելով մինչև անգամ «Թյուրքական միասնության» տապալում: Այդպիսի բնորոշումը հատկանշական է ոչ միայն նյարդայնության արտահայտման տեսանկյունից:
Ադրբեջանական պրոպագանդայով, անկասկած ոչ առանց պաշտոնական Բաքվի համաձայնության, կամ պարզապես ուղղակի ցուցումով տրված այդ բնորոշումը ազդակ է նաև Կենտրոնական Ասիայում մյուս թյուրքալեզու պետություններին, որ Թուրքիան «վստահելի առաջնորդող» չէ:
Այլ կերպ ասած, այդօրինակ ազդակները վկայում են, որ Բաքուն Թուրքիայի որոշումը ծանր է, քանի որ դրա հետևում տեսել է ավելի խորը պրոցես, և, այդ պատճառով էլ կասկածի տակ է դրել անգամ «թյուրքալեզուների առաջնորդողի» վստահությունը: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի արձագանքն այդ իմաստով յուղ է լցնում Բաքվի «նյարդերի կրակին»:
Լուիս Լ՛ Բոնոյի արձագանքը վկայում է կամ հուշում, որ հնարավոր են ավելի լայն երանգներ, քան պարզապես անցակետի ժամանակավոր բացումը: Խոսքը, իհարկե, հայ-թուրքական հարաբերության հարցում ավելի լայն երանգի մասին չէ, այստեղ պետք չեն պատրանքներ: Ադրբեջանն այստեղ թերևս չունի «սեպարատ» որևէ զարգացման անհանգստության առիթ:
Բաքվին նյարդայնացնողը այն է, որ Անկարան կարող է ԱՄՆ-ին «վաճառել» «թյուրքական աշխարհի» ծրագիրը, որն էլ Թրամփը կօգտագործի Պուտինի հետ գործարքում, իր հերթին այն «վաճառելով» ՌԴ-ին:
Արդյո՞ք դրա մասին կարող էին ակնարկել Ալիևին Լուկաշենկոն ու Ռահմոնը, որոնք օրեր առաջ Պուտինի մոտ հյուրընկալվելիս հեռախոսակապ էին հաստատել Ադրբեջանի նախագահի հետ: Եթե Անկարան գնա այդպիսի գործարքի՝ Թրամփից ակնկալելով որոշակի բոնուս, դա, իհարկե, զգալի կորուստ կլինի Ադրբեջանի համար, որի համար «թյուրքական աշխարհի» ծրագիրը աշխարհաքաղաքական «բոնուս» էր, որից Բաքուն փաստորեն կարող է զրկվել:
Բաց մի թողեք
Ադրբեջանը՝ և ԵՄ և Չինաստանի ուշադրության ներքո է, անգամ շահեր են բախվում՝ ով ավելի շատ, իսկ Հայաստանը
Ադրբեջանի պահանջով տարածքի «վերադարձ» և փշալարի ու պատի կառուցում
Կրեմլի «Զատկի զինադադարը» անակնկալ էր, բայց այն «օդից չի ընկել»