Այն, որ ընդդիմությունը փորձում է Գյումրու ՏԻՄ ընտրության արդյունքը տեղեկատվական դաշտում առավելագույնս օգտագործել իշխանության հանդեպ առնվազն հոգեբանական առավելություն ստանալու համար, միանգամայն ակնառու է և միանգամայն հասկանալի:
Քաղաքական պայքարը չի լինում այլ կերպ: Բայց իրական քաղաքական «գետնի վրա», ՏԻՄ մակարդակում կայացած ընտրության համապետական իդենտիֆիկացիան իրատեսական և համարժեք չէ:
Այստեղ խնդիրը լոկ այն չէ, որ համապետական ընտրության, այլ կերպ ասած՝ խորհրդարանի ընտրության պարագայում բոլորովին այլ են լինում մասնակիցների ձևաչափերը, այսպես ասած՝ անուն-ազգանունները, օրակարգերը և այլն:
Ընդ որում՝ այդտեղ տարբերությունները զուտ տեխնիկական չեն, դրանք ունեն էական նշանակություն՝ ընտրողի ընկալումների, հետևաբար արդյունքի ձևավորման գործընթացում: Այդուամենայնիվ, այդ տարբերություններից բացի, տարբերություններ առկա են նաև ընտրողի մոտ՝ «ի բնե»:
Այսինքն՝ դիցուք նույն գյումրեցին ընտրական ՏԻՄ պրոցեսին մոտենալու է չափանիշների և այսպես ասած չափորոշիչների մի պաշարով և կառուցվածքով, համապետական ընտրությանը՝ մեկ այլ: Հենց Գյումրիում դրանք գուցե չունենան շատ մեծ տարբերություն, հետևաբար արդյունքի մասով էլ տարբերությունները չլինեն տրամագծային:
Բայց արդեն համապետական արդյունքի «ճարտարապետության» մեջ, համայնապատկերում, փոքր տարբերությունն անգամ կարող է տալ բոլորովին այլ հանրագումարային արդյունք:
Առավել ևս, որ նույնն է լինելու մյուս բոլոր ՏԻՄ մակարդակներում՝ քաղաքներում և գյուղերում: Իսկ բոլոր համայնքներում չէ, որ չափանիշներն ու չափորոշիչները նույնական են: Մի ամբողջություն է Գյումրիում, մեկ ալ՝ Կապանում կամ Մեղրիում, Իջևանում, Վանաձորում, Սևանում կամ Արմավիրում:
Սա է նաև պատճառը, որ դասական քաղաքական համակարգերում որևէ քաղաքական ուժի հաջողության առաջին աստիճանը ՏԻՄ համակարգն է, առավել բազմազան ու խայտաբղետ համակարգը: Եթե ուժը կարողանում է կենսունակ լինել այդ խայտաբղետության մեջ առավելություն ունենալու հարցում, նա արդեն աներկբա հաջողություն կունենա համապետական մակարդակում:
Մեզանում, իհարկե, չի գործում դասական քաղաքական համակարգի սկզբունքն ու տրամաբանությունը, ու նաև այդ իմաստով է, որ ՏԻՄ մակարդակում ընտրական հաջողությունը ինքնաբերաբար չի նշանակում համապետական մակարդակի հաջողության համակարգային նախադրյալ կամ ցատկահարթակ:
Դա բոլորովին չի նշանակում, որ հոգեբանական արդյունքները չեն կարող ունենալ կշեռքի նժար թեքելու ազդեցություն: Կարող են, անշուշտ, բայց դա չի լինի վճռորոշ, հատկապես, որ համապետական ընտրության և ՏԻՄ մակարդակում կայացած ընտրության միջև կա ժամանակային բավականին շոշափելի տարածություն:
Բաց մի թողեք
Արկադի Ղուկասյանը նոր ցուցմունք է տվել Բաքվի դատարանում, ինչում է նա մեղադրվում
Պետական քաղաքականության և անվտանգության համատեքստում առանցքային բացերից մեկն է
Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում թաղել Մինսկի խումբը