19/04/2025

Պուտինը մերձբալթյան ուղղությամբ ևս «անվտանգային երաշխիքներ» ստանալու խնդիր ունի

«Եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ ափսոսում են, որ անվտանգության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությունները 2021 թվականի վերջին չեն ընդունել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը:

Դիվանագետի ներկայացմամբ՝ այսօր Եվրոպայում կրկին պատմական երևակայություններ են խաղարկվում Խորհրդային Ռուսաստանի դեմ ինտերվենցիայի կամ հիտլերյան «Դեպի Արևելք արշավանքի» հետ կապված հիշողություններով:

Լոգվինովն ամփոփել է, որ եվրոպացիները չկարողացան գնահատել 80-ամյա խաղաղությունը, որ հաստատվել է խորհրդային ժողովրդի վիթխարի կորուստների գնով: Այսօր Եվրոպայի անվտանգության ապահովման շուրջ սուր քննարկումների համատեքստում ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցչի «ափսոսանքը», պետք է խոստովանել, ամենից առաջ հնչում է որպես չարագուշակ նախազգուշացում:

Մանավանդ որ նա եվրոպական երկրներին հիտլերյան արշավանքի նկատմամբ կարոտախտ է վերագրում և հիշեցնում ֆաշիզմի ջախջախիչ պարտությունը: Ռուսաստանցի դիվանագետի այս զգուշացումը հետևում է Էստոնիայում ծավալվող դրամատիկ իրադարձություններին: Անկախությունից ի վեր մերձբալթյան այդ հանրապետությունը բախվել է շատ բարդ խնդրի, ավելի քան 150 հազար ռուս և ռուսախոսներ գերադասել են կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Բելառուսի քաղաքացիություն ստանալ, կա՛մ առհասարակ դասվել քաղաքացիություն չունեցողների շարքին, բայց մշտապես բնակվում են Էստոնիայում:

Ինչպես ռուսաստանյան աղբյուրներն են պնդում, նրանց մեծամասնությունը բնակվում է Նարվայում և 1993 թվականին ինքնավարության հանրաքվե են անցկացրել: Մոսկովյան փորձագետները քննադատում են Բորիս Ելցինին, որ այդ հանրաքվեի արդյունքներին տիրություն չի արել, բավարարվել է Էստոնիայի կառավարության հետ համաձայնությամբ, որպեսզի ռուս և ռուսախոս բնակչության ընտրական իրավունքը հարգվի:

Մարտի 28-ին Էստոնիայի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել, որը երկրի տարածքում մշտապես բնակվող, բայց Եվրամիության անդամ չհանդիսացող երկրի քաղաքացիներին զրկում է մունիցիպալ ընտրություններին մասնակցելու իրավունքից:

Ըստ էության, դա Էստոնիայում մշտապես բնակվող, բայց Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացի հանդիսացող անձանց զրկում է մունիցիպալ իշխանություն ձևավորելու հնարավորությունից:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կամ պետական դուման առայժմ էստոնական այդ օրենքին չեն անդրադարձել: Ըստ երևույթին՝ Մոսկվայում սպասում են Էստոնաիայի նախագահի կողմից իրավական ակտի վավերացմանը, որ պետք է տեղի ունենա շաբաթվա ընթացքում:

Մոսկվան, անկասկած, էստոնական օրենքը ենթարկելու է խիստ քննադատության, դրանում կասկածել պետք չէ: Բայց եթե գնահատելու լինենք ըստ էության, ապա Էստոնիայի «խտրական օրենքը» լիովին համապատասխանում է Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական ծրագրավորումներին:

Եվրամիության անդամ երկրում ավելի քան 150 հազար մարդու զրկել մունիցիպալ ընտրություններին մասնակցության իրավունքից՝ իրոք խնդրահարույց է: Էստոնիայի ռուս և ռուսախոս բնակչությունը, ինչ խոսք, Ռուսաստանին միանալու ցանկություն չի հայտնի: Բայց բացառված չէ, որ կրկին օրակարգ բերվի «ինքնավարության» հարցը:

Էստոնիայի ռուս և ռուսախոս բնակչությունը որքանո՞վ է «կառավարվում» Մոսկվայից՝ մամուլն այդ մասին ոչինչ չի ասում: Բայց մեծ է հավանականությունը, որ «Նարվայի ինքնավարությունը» Ռուսաստանի քաղաքական շրջանակների հետ որոշակի կապեր ունի:

Ըստ երևույթին, Վլադիմիր Պուտինը մերձբալթյան ուղղությամբ ևս «անվտանգային երաշխիքներ» ստանալու խնդիր ունի, և նրա «էստոնական նախերագանքը» հնչեցվում է ոչ պատահականորեն. արևմտյան որոշ փորձագետներ տպավորություն ունեն, որ Ռուսաստանի նախագահը Դոնալդ Թրամփից քայլ առ քայլ զիջումներ կորզելու մարտավարություն է ընտրել: Արևմուտքի համար Մերձբալթիկան սակրալ նշանակություն ունի: Թրամփը կհատի՞ այդ «նախապաշարմունքի» սահմանը:

Translate »