«Մոսկվայում և Պեկինում վերջերս կայացած խորհրդակցություններից հետո ես պատրաստ եմ առաջին քայլը կատարել՝ այցելելով Փարիզ, Բեռլին և Լոնդոն», – X-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ նշելով, որ պատրաստ է քննարկել ոչ միայն միջուկային հարցը, այլև փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող ցանկացած այլ ոլորտ:
Իրանի ԱԳ նախարարի ձևակերպումը՝ «առաջին քայլը» անելու պատրաստակամության մասին, թողնում է տպավորություն, որ նա արձագանքում է եվրոպական եռյակի երկրներից ստացվող դժգոհություններին, այն կապակցությամբ, որ Թեհրանը ԱՄՆ հետ բանակցության հարցերը քննարկում է Մոսկվայի և Պեկինի հետ, դե ֆակտո կոմունիկացնում Վաշինգտոնի հետ բանակցությունը ՌԴ ու Չինաստանի հետ, իսկ եվրոպացիներին թողնում դուրս:
Իրանի ԱԳ նախարարը փաստացի հայտարարում է, որ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ նաև եվրոպական կողմի հետ, բայց, ըստ ամենայնի, որոշակի գործարքի տրամաբանությամբ: Հավանաբար, այդ ակնարկն է պարունակում Աբբաս Արաղչիի հավելումը, որ պատրաստ է խոսել ոչ միայն միջուկային գործարքի, այլ նաև այլ ոլորտների վերաբերյալ:
Ըստ ամենայնի՝ Իրանի առաջարկի տրամաբանությունը հետևյալն է՝ Եվրոպան մեղմացնում է պատժամիջոցնների ռեժիմը Իրանի նկատմամբ, ինչի դիմաց Թեհրանը նախանձախնդիր է լինում ԱՄՆ հետ բանակցությանը և հնարավոր գործարքին Եվրոպայի մասնակցության հարցում:
Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան Իրանի միջուկային ծրագրի շուրջ նախորդ գործարքի մասնակից էին, որը կնքվեց 6+1 ձևաչափով: Այժմ, սակայն, գործընթացն առնվազն մեկնարկել ու շարժվում է առաջ 3+1 տրամաբանությամբ կամ առնվազն այդպիսի ուրվագծով՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան և Իրան:
Օրեր առաջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բարոն հայտարարել էր, որ Իրանի շուրջ գործընթացը պետք է ներառի նաև եվրոպական շահերը: Հատկանշական է, որ Օմանի տեխնիկական միջնորդությամբ ծավալվող բանակցային աշխատանքի երկրորդ «ռաունդը» անցկացվեց ոչ թե սուլթանությունում, այլ՝ Հռոմում:
Այդպես էլ հոդաբաշխ չբացատրվեց, թե ինչո՞ւ էր առաջացել այդ տեղափոխության կարիքը, եթե միևնույն է բանակցությունը Հռոմում լինելու էր դարձյալ Օմանի տեխնիկական միջնորդությամբ և անցկացվելու էր Օմանի դեսպանության շենքում:
Արդյո՞ք դա որոշակի ժեստ էր Եվրոպային, թե՞ այստեղ կար այլ նրբերանգ և այն պայմանավորված էր Վատիկանի հետ: Ի դեպ, հատկանշական է, որ Հռոմում Ուիթկոֆ-Արաղչի ամերիկա-իրանյան բանակցությանը զուգահեռ՝ հաջորդ օրը տեղի ունեցավ ԱՄՆ փոխնախագահ Վենսի հանդիպումը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ, ինչը փաստորեն դարձավ Պապի վերջին միջազգային հանդիպումը:
Դրանից ժամեր անց Վատիկանը հայտնեց Պապի մահվան մասին, որը վատառողջ էր դեռևս փետրվարից: Վատիկանը էական դեր է ունեցել Իրանի շուրջ վերջին ամիսների զարգացումներում: Մասնավորապես, նախորդ տարի նոյեմբերին էլ Հըզբոլլահի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրից առաջ Վատիկան էր այցելել և Պապի հետ հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը, իսկ դրան զուգահեռ Պապին ուղերձ-նամակ էր հղել Իրանի նախագահ Փեզեշքիանը:
Սակայն Ֆրանցիսկոս Պապի մահը կարող է նաև առաջացնել նոր իրավիճակ, առնվազն ժամանակավոր, և հնարավոր է, որ Իրանի ԱԳ նախարար Արաղչին նաև այդ նկատառումով է հայտնում եվրոպական եռյակի հետ հանդիպման և քննարկումների պատրաստակամություն:
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն՝ ի դեմս Ռուբիոյի, համաձայն չէ Հայաստանի՝ Փաշինյանի հետ
Մոսկվան գոնե չի՞ խոչընդոտում Արցախից բռնատեղահանված բնակչության իրավունքների պաշտպանությանը
Թրամփը «ձեռքերը լվանում է», պատերազմի բեռը նետում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի վրա