Անթիլիասում տեղի է ունեցել Արամ Առաջին կաթողիկոսի հանդիպումը Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտաքովի և Սիրիայում ռուսական համայնքի հոգևոր առաջնորդ հայր Ֆիլիպի հետ:
Ըստ Կիլիկիո Կաթողիկոսության տարածած հաղորդագրության, ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպմանը քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությանը, Մերձավոր Արևելքի իրավիճակին, հայ և ռուս եկեղեցիների փոխհարաբերությանը վերաբերող հարցեր: Սա բավականին ուշագրավ հանդիպում է:
Արամ Առաջինն, իհարկե, Լիբանանի հանրային-քաղաքական կյանքում հայկական համայնքի հիմնարար դերակատարության համատեքստում պարբերաբար ունենում է հյուրընկալվող դիվանագետներ՝ Լիբանանում ամենատարբեր երկրների դեսպաններ, որոնք նրա հետ քննարկում են թե՛ Լիբանանի ներքին անցուդարձին, թե՛ միջազգային թեմատիկային վերաբերող հարցեր: Ռուսաստանի դեսպանի հանգամանքը, սակայն ուշագրավ է առանձնահատուկ:
Նախ, կարծես թե առաջին անգամ է, որ Լիբանանում ՌԴ դեսպանը հյուրընկալվում է Անթիլիասում, կամ գոնե Անթիլիասում հյուր չի եղել շատ տևական ժամանակահատված: Դրանից բացի, առանձնահատուկ ուշադրության է արժանի հանգամանքը, որ նրա հետ է եղել նաև Սիրիայում ռուսական համայնքի հոգևոր առաջնորդը:
Նրանք ակնկալի՞ք ունեն Արամ Առաջինից, որը կարող է վերաբերել Սիրիային, մասնավորապես այնտեղ ռուսական համայնքին: Պետք չէ մոռանալ, որ Արամ Առաջինը Եկեղեցիների համաշխարհային միության նախագահն է, որը միավորում է քրիստոնեական եկեղեցիների, այդ թվում և Ռուս ուղղափառ եկեղեցուն:
Հնարավոր է, որ նրա հյուրերին Անթիլիաս տարել է հենց այդ կարգավիճակը: Առավել ևս, որ այդ կարգավիճակում Արամ Առաջինը ունի հաղորդակցային հնարավորություն Վատիկանի հետ, որտեղ, ի դեպ, ընտրվել է նոր Պապ: Նոր Պապը ինչպես հայտնի է ամերիկացի կարդինալ է, ընդ որում առաջին ամերիկացին այդ կարգավիճակում:
Մեղմ ասած կան նշաններ մտածելու, որ այդ ընտրությունը նաև աշխարհաքաղաքական է և դրանում էական է եղել ԱՄՆ նախագահ Թրամփի դերն ու մոտեցումները: Համենայն դեպս հիշենք, թե ինչ լուսանկար էր հրապարակել Թրամփը Պապի ընտրությունից մի քանի օր առաջ: Լուսանկարը կոլաժ էր՝ Թրամփը Պապի հանդերձանքով:
Նաև նկատի ունենանք այն հանգամանքը, որ Դոնալդ Թրամփը սերտ հաղորդակցություն է ունեցել Արամ Առաջինի հետ, իհարկե ոչ Պապի ընտրության առիթով, այլ դեռևս նախորդ տարի նոյեմբերին՝ ԱՄՆ նախագահի ընտրության քվեարկությունից մի քանի օր առաջ հեռախոսազրույց ունենալով Կիլիկիո Կաթողիկոսի հետ:
Չի բացառվում, որ ռուսական կողմին հետաքրքրողը այդ հաղորդակցային հնարավորություններն են: Մյուս կողմից առաջանում է հարց, թե արդյո՞ք հնարավոր չէ դրանք ունենալ ամերիկա-ռուսական ուղիղ երկխոսության գործընթացի պայմաններում:
Միևնույն ժամանակ, իհարկե, ցանկացած ֆորմատ ունի աշխատանքային տարողության սահմանափակ ծավալ: Առավել ևս, եթե խոսքը վերաբերում է տեղային նշանակության խնդիրների և դետալների:
Ինչպիսին են եղել դրանք Անթիլիասում քննարկմանը, մանրամասներ հայտնի չեն: Օրինակ, արդյո՞ք այդ հանդիպման հարցում անմիջական նշանակություն ունեցել է Ռուսիո Պատրիարք Կիրիլի այցը Բաքու, եթե նկատի առնենք, որ քննարկվել է Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան հարաբերությունների հարցը:
Բաց մի թողեք
Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներին
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանին
Իրավիճակը Թեհրանում՝ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո. Լուսանկարներ