Վիլնյուսում կայացած ռազմական արարողության ժամանակ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց՝ Բեռլինը պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը։
Նոր՝ 45-րդ զրահատանկային բրիգադի տեղակայումը Լիտվայում ուղիղ ազդանշան է Մոսկվային և պատասխան՝ ԱՄՆ նախագահ Թրամփի պահանջներին, որ եվրոպական դաշնակիցները պետք է ավելացնեն ներդրումները սեփական պաշտպանության մեջ։
«Ով ՆԱՏՕ-ին մարտահրավեր նետի՝ պիտի իմանա, որ մենք պատրաստ ենք։ Իսկ ով դաշնակցին սպառնա՝ պիտի հասկանա, որ ամբողջ դաշինքը համատեղ պաշտպանելու է ՆԱՏՈ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ»,– ասել է Մերցը՝ ընդգծելով. «Վիլնյուսը պաշտպանելը՝ Բեռլինը պաշտպանելն է»։

Նոր գերմանական բրիգադը՝ 4800 զինծառայող և շուրջ 2000 ռազմական մեքենա, այդ թվում՝ տասնյակ տանկեր, կտեղակայվեն Ռուդնինկայում՝ Վիլնյուսի մերձակայքում։ Բրիգադը կդառնա ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամենախոշոր և մշտական ռազմական հենակետերից մեկը։ Լիտվան արդեն պատրաստ է պաշտպանական բյուջեն հասցնել ՀՆԱ-ի 5%-ին՝ հարմարեցնելով ենթակառուցվածքը այս ռազմավարական տեղաշարժի համար։
Մերցը նաև հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է վերակառուցել իր բանակը՝ դարձնելով այն Եվրոպայի ամենաուժեղ (ոչ միջուկային) բանակը։ Գերմանիայի ռազմական բյուջեն արդեն գերազանցել է ՀՆԱ-ի 2 տոկոսը՝ կտրուկ աճելով 2014 թ․ 1.19 տոկոսից։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան իր հերթին նշել է, որ Ռուսաստանը և Բելառուսը պարբերաբար զորավարժություններ են անցկացնում Լիտվայի սահմաններին, և գերմանական ներկայությունն այսօր տարածաշրջանում իրական անվտանգության երաշխիք է։
Սուվալկիի միջանցքով սահմանափակված Բալթյան երկրները մնում են ՆԱՏՕ-ի խոցելի օղակը։ Գերմանիայի որոշումը՝ տեղակայել սեփական ծանր տեխնիկան և զորքը Լիտվայում, արմատապես փոխում է եվրոպական ռազմական հավասարակշռությունը։։ Եվ այս քայլը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի նոր շրջանը տանում է ոչ միայն ռազմական մոբիլիզացիայի, այլև՝ ենթակառուցվածքային խորքային ինտեգրման։


Բաց մի թողեք
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ
Փարիզում թալանված խանութի տերը՝ հարձակման զոհ. «10 տարվա աշխատանքս ավերված է, երեք օր է՝ չեմ քնել»
Խոստովանեց՝ Թուրքիան առաջվանը չէ