24/06/2025

Երևանն ու Մոսկվան գործնականում հյուպատոսության հարց չէ, որ քննարկում են, ցավոք

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու շուրջ քննարկումները շարունակվում են, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Ազատություն ռադիոկայանի հարցման:

Իսկ հարցման առիթը եղել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի այն հայտարարությունը, թե Երևանին պետք է հարց ուղղել, թե ինչու չի բացվում հյուպատոսությունը: Զախարովան ասել էր, որ Լավրովի այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է:

Մանրամասներ հայտնի չեն ընդհանրապես: Ի՞նչ են քննարկում Երևանն ու Մոսկվան, եթե այդ քննարկումները շարունակվում են արդեն գրեթե երկու-երեք տարի: Ավելին, հունվարին Արարատ Միրզոյանի Ռուսաստան կատարած այցի ընթացքում այդ թեման դարձյալ քննարկվել էր:

Փաստորեն քննարկվել է նաև չորս ամիս անց՝ Լավրովի Հայաստան այցի ընթացքում: «Քննարկումները» այստեղ պարզապես ինչ-որ ծածկո՞ց են, թե՞ Երևանն ու Մոսկվան իսկապես չեն գալիս որևէ հարցի վերաբերյալ վերջնական համաձայնության:

Կապանում արդեն գործում է Իրանի գլխավոր հյուպատոսություն: Գորիսում առաջիկա օրերին կբացվի Ֆրանսիայի Պատվո հյուպատոսությունը: Իհարկե, այստեղ նկատելի է, որ սա բավականին ցածր աստիճանի առաքելություն է, որովհետև Պատվո հյուպատոսությունը, ըստ էության չունի այն դիվանագիտական կշիռը, որ քաղաքական ասպեկտ է հաղորդում դիվանագիտական գրասենյակին:

Ավելին, Պատվո հյուպատոսությունն ավելի շատ համարժեք է «ծառայության վարձակալության», քան դիվանագիտական ծանրակշիռ ներկայության, երբ Պատվո հյուպատոսն անգամ չի լինում այն երկրի քաղաքացի, որը ներկայացնում է իր ծառայությամբ:

Օրինակ, Գորիսում Ֆրանսիայի Պատվո հյուպատոսը լինելու է հայաստանցի: Թե ինչու՞ է Ֆրանսիան նախընտրել այդ՝ ամենանվազ աստիճանակարգով ներկայությունը, թերևս առանձին դիտարկման հարց է:

Այդ ամենով հանդերձ, ի՞նչն է, որ բարդություն է առաջացնում ՌԴ գլխավոր հյուպատոսության պարագայում: Ռուսաստանը ակնկալում է առանձնահատու՞կ կարգավիճակ կամ ներկայություն, թե՞ Մոսկվան Կապանում իր ներկայությունը կապում է այն հարցերի հետ, որոնք առնչվում են հաղորդուղիների ապաշրջափակմանը, կամ այլ կերպ ասած՝ Ռուսաստանը գլխավոր հյուպատոսության հարցը փորձում է տեղավորել այն եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում կամ փաթեթում, որի մասին հիշեցնում է պարբերաբար՝ 2020-22 թվականներին հղումով: Երևանի արձագանքը, որ քննարկումները շարունակվում են, անկասկած սպառիչ չէ:

Որովհետև, եթե գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում քննարկումները շարունակվում են այսքան երկար, ապա դա նշանակում է, որ տարակարծությունները շենքի դիզայնի կամ ճարտարապետության հարցում չեն, այլ՝ առաքելության քաղաքական բովանդակության:

Իսկ դա նշանակում է, որ Երևանն ու Մոսկվան գործնականում հյուպատոսության հարց չէ, որ քննարկում են, այլ այդ առիթով՝ բոլորովին ուրիշ հարցեր: