27/09/2025

Դատարանը Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչեց. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

Դատարանը Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչեց։

Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիր ելույթների համար։ Նա մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար։ Պաշտպանական կողմը սա որակում է որպես քաղաքական հետպնդում։

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ակնհայտ շինծու մեղադրանքներով մեղավոր ճանաչելու դատարանի այսօրվա վերդիկտը լրջագույն հարված հասցրեց Հայաստանում արդարադատությանը և արդարադատության մարմինների հեղինակությանը:

Երկրում շարունակ սերմանվող ատելության և բռնաճնշումների պայմաններում կայացված ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից։

Ցավալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատությունն ընտրողական է և կամայական որոշումներով անթաքույց ծառայեցվում է քաղաքական քինախնդրությանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ապօրինի այս գործընթացը և օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը:

Աղոթում ենք, որ Տերը զորացնի, ամուր ու անկոտրում պահի Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներին, ազգային մեծանուն բարերար տիար Սամվել Կարապետյանին և ազատությունից ապօրինաբար զրկված բոլոր անձանց։

«Արդար է Տերը, արդարություն է սիրում, ճշմարտությանն է նայում երեսը Նրա» (Սաղմ.10․8)»»։