08/11/2025

ԱՊՀ + հետխորհրդային որևէ երկիր այդ կառույցի հետ համագործակցության հետաքրքրվածություն կունենա

Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՊՀ բոլոր պետությունների ղեկավարների հետ: Նրանք Ռուսաստանի նախագահին շնորհավորել են ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է արտաքին քաղաքական հարցերով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և հավելել, որ Պուտինն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ քննարկել է նաև առաջիկայում կայանալիք՝ կազմակերպության Խորհրդի նիստի հետ կապված հարցեր:

ԱՊՀ երկրների առաջնորդներն առաջիկայում Խորհրդի նիստ կգումարեն Դուշանբեում, որի ընթացքում, ինչպես Ուշակովն է տեղեկացրել, նախատեսվում է քննարկել «ԱՊՀ+ ձևաչափի ստեղծման նպատակահարմարությունը»:

Նախկին խորհրդային հանրապետություններից ԱՊՀ անդամ չեն մերձբալթյան երեք հանրապետությունները, Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան: ԱՊՀ-ն ստեղծվել է Խորհրդային Միության փլուզման արդյունքում:

Այս իմաստով հետխորհրդային տարածքի որևէ երկիր հազիվ թե այդ կառույցի հետ համագործակցության հետաքրքրվածություն ունենա: Չափազանց մեծ է Ռուսաստանից կախվածության մեջ հայտնվելու կասկածամտությունը:

ԱՊՀ + ձևաչափի հավանականությունը քննարկելու մասին Վլադիմիր Պուտինի օգնականը խոսել է մի իրավիճակում, երբ Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են եվրոպամետ ուժերը, իսկ Վրաստանի իշխող կուսակցությունն, ընդհակառակը, Եվրոպային խորհուրդ է տվել զբաղվել իր ներքին հարցերով:

Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ ունենալով Աբխազիայի և Հարավային Օսեթիայի չլուծված հակամարտություններ, պաշտոնական Թբիլիսին կգնա ԱՊՀ հետ ասոցացված հարաբերությունների:

Բայց Վրաստանը մի իրավիճակում է, երբ ոչ Եվրոպայից, ոչ Միացյալ Նահանգներից, կարծես, ակնկալիքներ չունի: Բացառված չէ, իհարկե, որ Մոսկվան կարող է առաջ մղել ԱՊՀ-ի հետ նույն Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի ասոցացման գաղափարը:

Հնարավոր է, որ նման ցանկություն հայտնի նաև Մոլդովայի գագուզական ինքնավարությունը: