27/10/2025

Տեր–Արամին փոխարինող քահանային անիծել է, ընկել, ոտքը կոտրել

«Մայր Աթոռը երեկ կարգալույծ հռչակեց մատնիչ Տ․ Արամ քահանա Ասատրյանին:

«Հրապարակ» թերթը գրում է. Դրա համար հիմք էին ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին:

Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին միտումնավոր չի նշել Ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները` շրջանցելով այդ եւ դրանով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց։ Տ․ Արամն Օհանավան համայնքում գտնվող Հովհաննավանք եկեղեցու հոգեւոր հովիվն էր։

Մեզ պատմեցին, որ վերջին օրերին թերեւս իմանալով Եկեղեցու մտադրությունների մասին, իշխանության ֆանատները եկեղեցի են այցելել եւ փորձել են սադրել Տեր Արամին փոխարինող նշանակված Տեր Մանուկին։

Կանանցից մեկը ընդհուպ անեծքներ է տեղացել՝ ասելով, որ եթե իրենց քահանային կարգալույծ անեն, տանելու է՝ իր տանը թոռներին պսակի։ Բայց փոխարինող քահանային անիծելուց հետո տունդարձի ճանապարհին այդ կինն ընկել է` ոտքը կոտրել եւ վիրահատության ենթարկվել։

Երեկ տեղեկացանք, որ Արագածոտնի թեմի առաջնորդի եւ մյուս քահանաների դեմ Հանրայինի եթերում մեղադրանքներ հնչեցրած եւ սրբազանի կալանավորման պատճառ դարձած քահանան՝ Տեր Արամը, կարգալույծ է արվել․ նա հիմա կրում է Ստեփան Ասատրյան անունը:

Կարգալույծ արվելու որոշման պատճառները, ըստ Եկեղեցու, մի քանիսն են․

ա․ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին։

բ․ Անտեսելով թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատեւել է կարգազանց ընթացքի մեջ։

գ․ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց։

դ․ Երիցս համառել է ներկայանալ հանձնախմբի նիստերին՝ շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաեւ իր անհարգալից վարքագծով դրժել է հնազանդության ուխտը:

Բայց պարզվեց, որ Տեր Արամը, այժմ՝ Ստեփան Ասատրյանը, չի պատրաստվում նահանջել․ նա գործողությունների մշակված պլան ունի: Իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, կիրակի օրը հրավիրում եմ բոլորիդ Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ եւ Անմահ Պատարագին։ Սուրբ Պատարագը կմատուցեմ ես` Ձեր Տեր Արամ քահանան»:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ եկեղեցու սպասավորներից։ Օհանավանի Հովհաննավանքում ժամանակավոր ծառայության նշանակված Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով Ստեփան Ասատրյանի՝ կիրակի օրը վանքում պատարագ անելու մասին հայտարարությանը, ասաց. «Թող անեն»: Հարցին, թե գուցե կարգալույծ արված քահանան փորձում է բախումնե՞ր հրահրել, պատասխանեց. «Իհարկե, փորձում է՝ ինչպես միշտ: Թող անեն: Իսկ այդ հայտարարությանը լավագույնս կպատասխանի Մայր Աթոռը»:

Հետաքրքրվեցինք․ իսկ Օհանավանի բնակիչները, որոնք օրեր առաջ իրեն վատ էին վերաբերվել, չե՞ն զղջացել։ Ասաց՝ որքան Արցախի կորստի, հազարավոր հայորդիների զոհվելու համար են ափսոսացել, ցավ ապրել, այնքան էլ այդ դեպքի առթիվ կզղջան: Իսկ կիրակի օրը մարդիկ կգնա՞ն վանք՝ պատարագի, թե՞ ոչ։ «Չգիտեմ»,- ասաց նա: