08/11/2025

Լեռնային Ղարաբաղում ներդրվել է նույնիսկ «ազգային» և «հարմարվողական շրջանների» հակադրության քարոզչություն

Քաղաքական որոշ գործիչներ տեսլական են գեներացնում, որ իշխանափոխություն իրականացնելու կամ խորհրդարանական ընտրություններում հաղթելու համար պետք է կրկնել ղարաբաղյան Շարժման փորձը, երբ կայացավ համաժողովրդական համախմբում:

Այս նարատիվը սկզբունքորեն չափազանց խախուտ է թեկուզ այն հիմնավորմամբ, որ 88-ի առաջադրված նպատակը՝ Հայաստանին ԼՂԻՄ-ի միավորումը / վերամիավորումն իրականություն չի դարձել, և այդ առումով նախադեպի կրկնության քարոզչությունը պարզապես չարագուշակ է:

Բայց ավելի խախուտ է «համաժողովրդական համախմբման տեսությունը»: Այդ միֆը հանրային գիտակցությունը, բառի համար թող ներեն, ավելի քան երեք տասնամյակ աղտոտել է, Շարժման և նրա առաջնորդների շուրջ ստեղծել «անձնվեր առաքելության և լուսապսակով օծված երանելիների» աուրա, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իրական քաղաքական կազմակերպվածության, պետական ինքնության հաստատման գործընթացին անդառնալի կորուստներ է պատճառել:

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, բերենք երկու կոնկրետ օրինակ: Մարզային խորհրդի 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանից օրեր անց Ստեփանակերտում ձևավորվել է նոր իշխանություն: Բորիս Կևորկովը, որ ուներ Բաքվի դրաշոյի և Հեյդար Ալիևի կամակատարի կայուն համարում, ազատվել է մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնից:

Նրան փոխարինել է Հենրիխ Պողոսյանը, ով նախկինում պաշտոնավարել է Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահ, ԼՂԻՄ Ագրոարդի նախագահ:

Ավագ սերնդի ներկայացուցիչները կվկայեն, որ մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնում Հենրիխ Պողոսյանի նշանակումից մի քանի ժամ անց Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում բարձրացվել է «Կևորկովը գնաց, պոչը մնաց» գրությամբ ցուցապաստառ:

Ո՞վ էր կարգախոսի հեղինակը, էական չէ: Կարևոր է, որ Շարժման հրապարակային փուլի առաջին օրերին բացահայտվել է իրողությունը՝ Ստեփանակերտի քաղաքական վերնախավը միասնական չէ, բազմահազարանոց ցույցերի, երթերի ու հանրահավաքների ֆոնը զանգվածների ուշադրությունը հանուն իշխանության պայքարից շեղելու համար է:

Դա այնքան ակնհայտ իրողություն է, որ Սումգայիթի ջարդերի հարցով ԽՄԿԿ Քաղբյուրոյի նիստում Գորբաչովը խոսել է Հենրիկ Պողոսյանի կողմից «կամերային աշխատանքի» և նրան «խոչընդոտելու» մասին:

Ոչ մի ուսումնասիրող, որքանով դիտարկվում է, քննության չի առել հարցը, թե Ստեփանակերտում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ մարզկոմի և մարզխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնում նշանակված էին ոչ Բաքվից գործուղված մարդիկ, մի քանի օր հետո, ավելի ճիշտ՝ մարտի 1-ին, «Կռունկ» կոմիտե ձևավորելու ի՞նչ անհրաժեշտություն կար:

Ընդ որում, նրա անդամներից մեկը, ով երեք տարի հետո Ստեփանակերտի կենտրոնում ռուս զինվորների կողմից դիմահար գնդակահարվեց, մոսկովյան լրագրողներից մեկին բացահայտել է, որ անվանումը ոչ մի կապ չունի «հայկական թախծի և կարոտի խորհրդանիշ թռչունի հետ, այն պետք է կարդալ որպես ռուսերեն հապավում՝ КРУНК», և ինքն էլ գաղտնազերծել, որ խոսքը «Комитет революционного управления Нагорным Карабахом» -ի մասին է:

Միայն այդ փաստը բավական է, որպեսզի համոզվենք, որ Շարժման հենց առաջին փուլում Ստեփանակերտի քաղաքական վերնախավը միասնական չի եղել, իսկ այդ «թիմային պայքարն» իր ուղղակի ազդեցություն է գործել հանրության տարբեր խավերի վրա:

Լեռնային Ղարաբաղում ներդրվել է նույնիսկ «ազգային» և «հարմարվողական շրջանների» հակադրության քարոզչություն: Անգամ «ազգային շրջանների» միջև են հակասություններ սադրվել, ավելի քան երկու տասնամյակ Ասկերանը և Հադրութը վիճարկել են «առաջամարտիկի դափնին»:

Ավելին, թերևս, չարժե ասել: Պարզապես պետք է արձանագրել, որ 88-ի «ֆենոմենի դեժավյուն» Հայաստանի համար չափազանց լուրջ սպառնալիք է: