Պայծառափայլ տեր, մենք մի խումբ խեղճուկրակ գործարարներ ենք Հայաստանից, սփյուռքից, այսուայնտեղից: Այսահարված ենք հայաստանյան վերջին իրադարձություններից: ԱԱԾ-ի պադվալ եք նետել Ազգային Բարերար Սամվել Կարապետյանին:
Փառք Աստծո, այդ արեցիք առանց ասֆալտին փռելու: Իսկ ի՞նչ երաշխիք, որ վաղն էլ մենք չենք հայտնվի նույն ծակուռում: Մեր՝ արյուն-քրտինքով ձեռք բերած բիզնեսները չե՞ն խլվի ձեր արդար կամոք:
Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանը: Տղա է, էլի, միամտաբար ասել է՝ «Մենք մեր ձեւով»: Հո չի՞ ասել՝ «Մենք մեր ձեւով կդոմփենք»:
Թեեւ, ո՞վ գիտե, գուցե այդ ժամանակ նա դառնար ձեր աչքի լույսը…
Չենք հասկանում՝ ի՞նչ բառեր օգտագործենք, որ չարժանանանք ձեր արդար զայրույթին ու վսեմակտրուկ գործողություններին: Մենք լավ գիտենք, որ նախորդ դարում՝ Թուրքիայում, հիմա՝ մեր դարում՝ Հայաստանում, արգելվել ու արգելվում է արտասանել, անգամ մտքի ծայրով անցկացնել «Արցախ», «հայրենիք», «Արարատ», «Սահմանադրություն», «արդարություն», «խոսքի իրավունք» եւ նման ախտածին այլ բառեր ու դրանցով կազմված նախադասություններ:
Վսեմաշուք տեր, մենք չենք էլ օգտագործում:
Մենք սիրով ենք օգտագործում ձեր բառապաշարի զարդարագույն արտահայտությունները, դրանք դարձրել ենք մեր կյանքի ու առօրյայի անբաժանելի մասը, դրանցով ենք կրթում մեր զավակներին:
Հիշենք ասույթի ուժ ունեցող ու խնկարկման արժանի ձեր ոսկեղենիկ խոսքերից մի քանիսը՝ կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ, պատերով կտամ, ասֆալտին կփռեմ, ձեններդ կտրեք, էշ, ոջիլ, չագուջ, համբալ, մեր եկեղեցիները չուլաններ են, Գառնու տաճարը հավաբուն է, Քարահունջի աստղադիտարանը՝ ռագատկի քար, Շուշին՝ դժգույն քաղաք, զզվեցրիք ձեր պատմական Հայաստանով…
Չենք կարող բոլորը մեջբերել` դրանք մի ողջ բառարան կկազմեն: Բայց, այ, մենք չենք օգտագործում ժողովրդի մեջ օրեցօր ավելի ու ավելի շատ շրջանառվող բառամթերքը, որոնք ամոթով ներկայացնում ենք ձեզ. Նիկոլ՝ դավաճան, անկիրթ, անհայրենիք, հայրենադավ, տգետ, թրքահաճո, զավզակ, կամազուրկ, ճըղճըղ, նեռ, փաշօղլի, թուրքի գործակալ, անգամ՝ կոլաբորանտ, դիկտատոր, պիղծ, խտացրած կաթով տոլմա փաթաթող, երկրի գլխավոր գժապետ, գերագույն մսխող եւ այլն, եւ այլն… Հսկա հատոր: Երանի չէ՞ր՝ ժողովուրդը մի բերան ունենար՝ ցխեիր, գնար…
Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերումի հետ միաժամանակ, արագ ստեղծիր նոր բառեր, երկնիր նոր բառամթերք, ու մենք կհետեւենք ձերդ մեծություն վարչապետին: Մենք լավ ենք հասկանում, որ ամեն իշխանություն անցողիկ է, միայն ձեր իշխանությունն է անանցողիկ: Որովհետեւ՝ թեեւ այս աշխարհն ի սկզբանե ունայն ու անիմաստ է, միայն դուք եք, որ իմաստ եք հաղորդում մեր դատարկ ու ունայն կյանքին:
Ասա, ի՞նչ բառեր օգտագործենք, ի՞նչ չօգտագործենք, որ արժանի լինենք ձերդ ողորմածությանը…
Եվ մի կարեւոր արձանագրում էլ անենք (դուք շատ եք սիրում արձանագրումներ անել), դուք եք երկրիս միակ իրավացին: Դե, ուրեմն՝ անվարան առա՜ջ… Քանզի ժողովուրդը (նկատի ունենք՝ քո սիրած բառով` ժեխը) իր իշխանության մեջ տեսնում է թե՛ ձեր եւ թե՛ իր արտապատկերը…
Հարգանքներով իսկական՝ մի խումբ գործարարներ այսուայնտեղից (10 000 ստորագրություն)
Նամակը գրի առավ Գագիկ Անտոնյանը; Լրագրող, գրող, երգիծաբան






Բաց մի թողեք
Ինչպես Փաշինյանը բերեց պատերազմը. Սուրեն Սուրենյանց
Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը է´լ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը․ Լևոն Զուրաբյան
ՔՊ-ականների և մյուս քաղաքական գործիչների տարբերության մասին