15/12/2025

«Մարտահրավերը» նետված է Հայաստանի իշխանություններին, որոնք ցավոք, պարտվողական տարմադրություններ ունեն միայն

Բաքվում կազմակերպված «պատմամշակութային ժառանգության» և «վերադարձի իրավունքի» թեմայով ինչ-որ միջոցառման մասնակիցներին Իլհամ Ալիևի ուղերձը, որտեղ նա կրկնել է «ադրբեջանական հողերում հայերի վերաբնակեցման» և Հայաստանի կողմից «ադրբեջանցիների բռնատեղահանության, ադրբեջանական ժողովրդի մշակութային արժեքները ոչնչացնելու» մտացածին թեզերը:

Ալիևը եզրափակել է, որ «ադրբեջանցիները Հայաստան վերադառնալու իրավունք ունեն»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը նախօրեին գտնվել է Բրյուսելում, որտեղ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները պատմական կտրվածքով «գտնվում են ամենախաղաղ վիճակում»: Նա խուսափել է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, խոսել է TRIPP նախագծի իրականացման ընթացքի «ադրբեջանական սպասումներից»:

Բայրամովի ելույթի միակ ոչ կառուցողական շեշտադրումը Հայաստանի սահմանադրության մասին հայտնի խոսույթի մի փոքր մեղմացված տարբերակն է:

Այս համատեքստում ի՞նչն է Իլհամ Ալիևին դրդել, որպեսզի ոչ միայն պատմական իրողություններին, այլև առկա իրավիճակին անհարիր ուղերձ հղի: Եթե պատմա-մշակութային, քաղաքակրթական ժառանգության հիմքով քաղաքական հարց լուծվեր, ապա Կովկասում «Ադրբեջան» անվանմամբ ոչ միայն պետություն, ՀԿ էլ չէր գործի:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և համագործակցության հաստատմամբ շահագրգիռ դերակատարներն առաջնորդվում են տնտեսական, կոմունիկացիոն, անվտանգային շահերով:

Ալիևը Վաշինգտոնում նախաստորագրել է մի պայմանագիր, որի հիմքում միջազգային իրավունքի սկզբունքները և նորմերն են, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ԱՊՀ կազմավորման Ալմաթիի Հռչակագիրը, «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Հռչկագիրը:

Դա երկու ինքնիշխան պետությունների միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին պայմանագիր է, որ կամ ամբողջությամբ կստորագրվի, կվավերացվի և ուժի մեջ կմտնի, կամ՝ ոչ:

Ալիևի ուղերձն արտաքին հասցեատեր չունի: Անգամ Թուրքիայի նախագահն է պաշտոնապես ընդունում, որ թուրքերը հազար տարի առաջ են «հաստատվել այս հողերում», իսկ Ադրբեջանը Թուրքիայի հետ «մեկ ազգ՝ երկու պետության» մաս է:

Ալիևը պարզապես ադրբեջանական հանրությանը չի պահում «հավասար-զգաստ» վիճակում, այլ փորձում է Հայաստանում ներքաղաքական սրացումներ սադրել: Դա արվում է մի փուլում, երբ Հայաստանում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի շուրջ բանավեճ է:

«Մարտահրավերը» նետված է Հայաստանի իշխանություններին, որոնք ցավոք, պարտվողական տարմադրություններ ունեն միայն: