13/12/2025

Եթե Ռուսաստանը հաղթի՝ բոլորս կպարտվենք, չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինան պարտվի․ Չեխիայի նախագահ

Չեխիայի նախագահ Պետր Պավելը The Sunday Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը կլինի ամբողջ Արևմուտքի պարտությունը: 

Նա ասել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցությունների վերաբերյալ վերջին հաղորդագրությունները, այդ թվում՝ ուկրաինական տարածքները հանձնելու հնարավորությունը, հիշեցնում են 1938 թվականի Մյունխենի համաձայնագիրը և Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ տեղի ունեցած հաշտեցման քաղաքականությունը:

«Եթե մենք թույլ տանք Ռուսաստանին հաղթանակ տանել այս հակամարտությունում, մենք բոլորս կպարտվենք», – ընդգծել է Պավելը:

Չեխիայի նախագահը վստահ է, որ Արևմուտքը չի կրկնի անցյալի սխալը և չի դավաճանի Ուկրաինային, ինչպես մի ժամանակ դավաճանեց Չեխոսլովակիային, բայց ցուցադրում է «անպատրաստություն պաշտպանելու այն սկզբունքները, որոնք պնդում է, որ պահպանում է»:

Միաժամանակ, Պավելը նշել է, որ պատերազմից հետո Եվրոպային անհրաժեշտ կլինի Մոսկվայի հետ նոր անվտանգության պայմանագիր, նման 1975 թվականի Հելսինկյան համաձայնագրերին, բայց միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչի բոլոր երկրների տարածքային ինքնիշխանությունը և սահմանափակի իր ագրեսիվ գործողությունները։

«Մենք պարզապես չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինան պարտվի», – եզրափակեց Չեխիայի նախագահը։