Տեւական ժամանակ է՝ Փաշինյանը պատերազմ է մղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, սակայն Արամ Ա-ն լուռ է եւ այդ պատերազմի թեժ օրերին մեծ վոյաժի էր մեկնել Կանադա, ԱՄՆ՝ իր գահակալության 30-ամյակի տոնակատարություններին։
Հրապարակ թերթը գրել է․ Միայն մեկ անգամ է մեկ-երկու նախադասությամբ անդրադարձել Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումներին, այն էլ՝ շատ զգուշորեն։ Մինչդեռ այդ հարձակումների մեկնարկից ի վեր հայ հասարակությունը եւ հատկապես քույր եկեղեցին՝ Մայր Աթոռն ակնկալում էին ավելի սրտացավ մոտեցում, ավելի հստակ դիրքորոշում, եւ մարդիկ պարբերաբար իրենց տարակուսանքն էին հայտնում Արամ Ա-ի կեցվածքի հետ կապված։
Հիշեցնենք, որ Եկեղեցու դեմ արշավի շրջանում Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը Փաշինյանին էր փոխանցել Արամ Ա-ի նվերը՝ Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը եւ, ըստ կառավարության հաղորդագրության՝ նաեւ Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Այդ օրն աղմուկ բարձրացավ, թե Արամ Առաջինն ինչի՞ համար է ջերմ ողջունում Փաշինյանին կամ օրհնում՝ Մայր Աթոռի դեմ իրականացրած ոտնձգությունների՞։
Սակայն, մեր տեղեկություններով, սփյուռքում էլ ամեն ինչ հանդարտ ու միանշանակ չէ, չնայած Անթիլիասում Արամ Ա-ին հակառակվող չկա, քանի որ նրա ձեռքում է ամբողջ իշխանությունը, սակայն նույնը չի կարելի ասել սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների եւ համայնքային կառույցների մասին, որոնց շրջանում առնվազն խուլ դժգոհություն կա՝ կապված Արամ Ա-ի կեցվածքի հետ։ Չնայած Արամ Ա-ին Կանադայի եւ Միացյալ Նահանգների հայ համայնքը ջերմ ընդունելության էր արժանացրել, սակայն, ինչպես մեզ փոխանցեցին համայնքից, հայերը դժգոհ են, որ նա կրավորական կեցվածք է դրսեւորում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ արշավի առնչությամբ, եւ հարցեր ունեն վերջինիս։ Նույնիսկ ԱՄՆ այցից առաջ որոշ շրջանակներում քննարկվել է՝ բոյկոտե՞լ նրա այցը, թե՞ ոչ, սակայն որոշել են չբոյկոտել ու փորձել ակնարկել վերջինիս, որ իր պահվածքն այնքան էլ միանշանակ չի ընկալվում սփյուռքի հայության կողմից:
«Արամ Ա-ն տարօրինակ լռությամբ կամ էլ օրհնությամբ է վերաբերվում Մայր Աթոռի դեմ հարձակումներին, ինչը մեզ համար անհասկանալի է, սակայն դժգոհություններն ավելի են հասունանալու, եթե այս գործելաոճը շարունակվի։ Կարող էինք բոյկոտել իր այցելությունը, սակայն չենք ուզում միանգամից սրել իրավիճակը։ Մեզ դուր չի գալիս Արամ Ա-ի՝ Փաշինյանի ու արբանյակների միջեւ ջերմ հարաբերությունները։ Ինչ է՝ Արամ Ա-ն համաձա՞յն է՝ հայերի դեմ ցեղասպանությունը որակել որպես ցավալի իրադարձություն, համաձա՞յն է, որ Արցախն Ադրբեջան է։ Ի վերջո, կարծում է, որ որեւէ քաղաքական գործիչ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով կարո՞ղ է իրենց ենթարկեցնել համայն հայության հավատքի օրրան Մայր Աթոռը»,- ասում է Միացյալ Նահանգներից մեր զրուցակիցը։
Մեզ փոխանցեցին, որ Արամ Առաջինը բավականին փառասեր է, ու հույս ունի, որ այս զարգացումների ընթացքում Սփյուռքի՝ Մայր Աթոռի թեմերն ու եկեղեցիները կանցնեն իր վերահսկողության ներքո ու դրանով իր ազդեցությունն ավելի կմեծանա, այդ մասին ի դեպ, օդում կախված լուրերն էլ են հուշում եւ այդ հակամարտությունը Անթիլիասի եւ Մայր Աթոռի միջեւ նոր բան չէ։ Բայց հայերը նաեւ ենթադրում էին, որ նամն անթաքույց արշավը չի կարող Կիլիկիո կաթողիկոսի կողմից բացահայտ աջակցության արժանանալ, կամ՝ լռելյայն համաձայնության։
«Բացի այդ, Արամ Առաջինը անձնական անստիպատիա ունի Գարեգին Երկրորդի նկատմամբ, իրենք երբեւէ որեւէ խնդիր չեն ունեցել, բայց ինքը չի սիրում Գարեգին Երկրորդին, միգուցե նաեւ որոշակի խանդ կա, որ վերջինս ավելի բարձր վարկանիշ ունի քրիստոնեական միջազգային հանրությունում, աշխարհասփյուռ հայության շրջանում, քան ինքը։ Բայց որ իր այդ անձնական ատիպատիան չի կարելի ծառայեցնել հայոց եկեղեցու քանդման գործում՝ միանշանակ է։ Հուսանք ուշքի կգա, այլապես հուզումներ կլինեն արդեն իր կեցվածքի դեմ»,- ասաց մեր աղբյուրը՝ Միացյալ Նահանգներից:
Թերեւս նաեւ այս վերաբերմունքն է պատճառը, որ օրերս Արամ Ա-ն իր վճռական «ոչ»-ն է ասել այս ամենին, ինչ անում է Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Եկեղեցու․ «Երբ Հայաստանի մեջ անարդարություն կկատարվի, Անթիլիասը «ոչ» կըսե: Երբ Հայաստանի մեջ արժեքները կարհամարհվին, եւ խորհրդանիշները կանտեսվին, Անթիլիասը «ոչ» կըսէ եւ «ոչ» ըսած է միշտ:
Երբ Հայաստանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքներու եւ ձերբակալություններու կենթարկվին, Անթիլիասն այդ քաջությունն ունեցած է եւ ունի… «ոչ» ըսելու: Երբ Հայաստանի մեջ, ի վնաս մեր ժողովուրդի շահերուն եւ համազգային մեր գերագույն իդեալները կանտեսվին, Անթիլիասը «ոչ» ըսած է եւ «ոչ» պիտի ըսե»:
Հուսանք, որ այս «ոչ»-ն ավելի հուժկու կդառնա, եւ Արամ Առաջինը՝ հայոց հոգեւորականի արժանապատիվ կեցվածքով, կպաշտպանի ծանր կացության մեջ հայտնված իր հավատակից եղբայրներին, եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու համայն հայության միասնական շահը կհաղթի։






Բաց մի թողեք
Խաղաղության պատրանքը պահպանում են, որ քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա լինի
Անհատ մարդիկ, իրենց անձը վտանգելով` շրջել են պատմության ընթացքը …
Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում