ՔՊ նախընտրական ցուցակի էլեկտրոնային գրանցման ավարտից հետո ՔՊ վարչությունը դեռ ամփոփում է ցուցակը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 30-ին ՔՊ վարչության նիստում որոշվել էր, որ իշխող ուժից նոյեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը կարող են ինքնառաջադրվել ցանկացողները:
Ինքնառաջադրման համար անհրաժեշտ էր կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, իսկ նրանք, ովքեր կուսակցական չեն, պետք է ունենան նաեւ ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։
ՔՊ ցուցակում հայտնվելու համար պայքարողները պետք է նաեւ վճարեն առաջադրման համար՝ կուսակցականները 500 հազար դրամ, ոչ կուսակցականները մեկ ու կես միլիոն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանից պարզել, թե քանի հոգի են ընդգրկվել ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում: Մանավազյանը հայտնեց, որ առաջադրվել են 383 անձինք, որոնցից 4 տասնյակից ավելին անկուսակցական են եղել:
Մեր տեղեկություններով՝ այժմ ՔՊ վարչությունը անցել է «զտման» փուլին՝ որոշելու, թե ովքեր ունեն բավարար ռեյտինգ եւ կարող են հավակնել նոր խորհրդարան անցնելուն։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբի պետի պաշտոնում, Վահագն Ալեքսանյանը՝ շտաբի պետի քարոզչության գծով տեղակալի պաշտոնում»։






Բաց մի թողեք
Խաղաղության պատրանքը պահպանում են, որ քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա լինի
Անհատ մարդիկ, իրենց անձը վտանգելով` շրջել են պատմության ընթացքը …
Ինչ էին իրականում «փնտրում» Արցախի ներկայացուցչությունում