12/12/2025

Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։

Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին մի խումբ դիմակավորված տղամարդիկ հարձակվել են նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի վրա ու ծեծել նրան:

Դեպքը տեղի է ունեցել կեսօրին ու հանրային վայրում՝ «Դալմա մոլ»-ի ետնամասում:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ․Հ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է, դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են Մ․Հ․-ին և իրականացրել դիտավորությունը։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Գ.Պ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), և 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը)։