«Համընդհանուր ապահովագրության շրջանակում սահմանափակում է դրված: Պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչ: 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար կանչը դառնալու է վճարովի»:
Այս մասին ասել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը՝ նշելով, որ կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն և այլն:
Ըստ նրա՝ 9-րդ կանչի համար գինը սահմանվել է 10,000 դրամ. «Վիճակագրություն եմ արել՝ Երևան քաղաքի բնակչության շուրջ 99 տոկոսը 2025 թվականին տվել է մինչև 8 անգամ կանչ: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ շատ ճիշտ որոշում է դա, որովհետև այն բուժառուն, որ 20, 30 և ավել անգամ կանչ է տալիս, ուրեմն բուժհաստատությունում բուժման կարիք ունի: Նման կանչերի պատճառով, իրական, հրատապ, շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց կանչերն ուշանում են: Ես միանգամայն կողմ եմ սահմանափակմանը, ինքներս հանդիպումներ ենք ունեցել այդ մարդկանց ու իրենց հարազատների հետ ու ասել, որ չի կարելի այդպես անել, ուղղակի կեղծ տվյալներ ներկայացնել, կամ կանչել պարզապես ճնշում չափելու համար»:
Գրիգորյանը հավելել է, որ քաղաքացիներին այդ մասին ծանուցել, տեղեկացրել են. «Օրինակ՝ այսօր 2 բուժառուի ծանուցում ենք ուղարկել, որ 8 կանչը լրացել է, ու 15-օրյա ժամկետում պետք է 10,000 դրամ վճարեն, տեսնենք ընթացքը ոնց ցույց կտա»:

Բաց մի թողեք
Ավանեսյանը՝ Հայաստանում կեղծ դեղերի ահազանգերի մասին
Բուժհաստատությունները ՀԴՄ կտպեն, կտրոնի տրամադրումը բժշկական բոլոր ծառայություններից օգտվելիս
Եղել են ալկոհոլի ազդեցության տակ. 2 անձի բուժօգնություն չտրամադրելու մասին լուրի մասին ԱՆ-ն պարզաբանել է