Գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, որը նաև «Մեր ձևով» շարժման համակարգողն է, լրագրողների հետ զրույցում խոսել է շարժման՝ առաջիկա ընտրություններին առնչվող ծրագրերի մասին:
«Այս ընտրությունները երկրի համար չափազանց կարևոր և ճակատագրական են լինելու։ Ընդդիմադիր ուժերը պետք է առաջնորդվեն պետական շահերով, իսկ այն ուժերը, որոնք տեսնում են, որ խորհրդարան մտնելու շանսերն իրենց համար ցածր են, չպետք է մասնակցեն ընտրությունների, որպեսզի իրենց ձայները չկորեն»,- հայտարարել է Կարապետյանը:
Նա հավելել է, որ, կարծում է, իր նշածը պետք է դառնա բոլոր ընդդիմադիր ուժերի համատեղ քաղաքական դաշտի սկզբունք։
«Ընդդիմության կորցրած մի քանի տոկոսը կարող է որոշիչ դառնալ կարևոր փոփոխության համար։ Այդ պատճառով մենք հանդիպումներում ընդգծում ենք, որ եթե անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունը քիչ է, պետական շահը պետք է գերակշռի անձնական ամբիցիաներին»,- ասել է Կարապետյանն ու հավելել, որ ավելի լավ է չմասնակցել ընտրություններին, քան ուղղակի ձայներ փոշիացնել:
Այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու ծրագրերի մասին խոսելով՝ Կարապետյանը հայտնել է, որ այս պահին միայն մեկ ուղի են տեսնում, բայց առայժմ չեն բարձրաձայնի, և ժամանակի ընթացքում կուսակցությունը հանդես կգա վերջնական հայտարարությամբ:
Կարապետյանը նաև ասել է, որ իրենց վարչապետի թեկնածուն արդեն որոշված է, դրա մասին կհայտարարվի կուսակցության համագումարում, որը կկայանա փետրվարի 12-ին։
«Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են նոր կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։

Բաց մի թողեք
«Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից մանդատներ են ստացել