Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34–րդ տարեդարձի առիթով այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը վարչապետին ներկայացրել են կենտրոնի նորաբաց «Կյանքի սենյակ» սոցիալ-կենցաղային վերականգնման ծառայությունը: Նշվել է, որ այստեղ բուժումը զուգորդվում է կենցաղային հմտությունների վերականգնմամբ։ Տղաներին սովորեցնում են հաշմանդամության հետ ապրել․ թուլացած մկանների և օրինակ՝ թուլացած վերջույթի պայմաններում հագուստի կոճակը կոճկել, արդուկ անել, խոհանոցում և լոգասենյակում ինքնասպասարկվել, սայլակից մեքենա տեղափոխվել և այլն: Վարչապետին ներկայացրել են նաև «Զինվորի տան» նորաբաց ճաշարանը, որտեղ զինհաշմանդամներն օրական 3 անգամ սնվում են: Սնունդը նույնպես, ինչպես և կենտրոնում մատուցվող բոլոր ծառայությունները, զինհաշմանդամների համար անվճար է:
Քաղաքացիական անձինք նույնպես կարող են օգտվել կենտրոնի ծառայություններից, բայց վճարովի հիմունքներով: Նպատակն է՝ քաղաքացիներից ստացված շահույթն ուղղել զինհաշմանդամների խնդիրների լուծմանը:
Փաշինյանն այցելել է նաև «Զինվորի տան» վիրաբուժական բաժանմունք, որը հագեցած է նորագույն սարքավորումներով: Այստեղ վիրահատվում են թե՛ զինհաշմանդամներ, թե՛ քաղաքացիական անձինք: Քաղաքացիների վիրահատություններից ստացված շահույթը ևս ուղղվում է շահառուների խնդիրների լուծմանը:
Նշվել է, որ կենտրոնի ֆինանսավորումը կատարվում է պետության, բարերարների և «Զինվորի տան»՝ քաղաքացիական անձանց մատուցվող ծառայություններից ստացված հասույթից։
Վերջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Զինվորի տան» տոնական ճաշին: Պատերազմից հետո վիրավորում ստացած զինհաշմանդամները և նրանց ընտանիքները նույն սեղանի շուրջ են նստել վարչապետի հետ, շփվել և հնարավորություն ունեցել տալ իրենց հուզող հարցերը:
«Զինվորի տունը» բարեգործական ՀԿ է, որի առաքելությունը զինհաշմանդամների ֆիզիկական և սոցիալական վերականգնում է, նրանց՝ լիարժեք վերաինտեգրումն ու կյանքի որակի բարձրացումը: «Զինվորի տունն» ունի շուրջ 10 000 շահառու, նրանք զինվորական ծառայության կամ պատերազմի ժամանակ, ինչպես նաև խաղաղ պայմաններում վիրավորում ստացած անձինք են՝ սկսած 90-ականներից, մինչև մեր օրեր: «Զինվորի տունը» պետություն և հասարակություն համագործակցության լավագույն ստացված օրինակների մեկն է: Թե՛ պետական, թե՛ հասարակական կառույցները մշտապես օժանդակում են կենտրոնի անխափան գործունեությանը։


Բաց մի թողեք
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում
Մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը. վարչապետը հայտնել է՝ ինչ է սպասվում