28/02/2026

EU – Armenia

Ադրբեջանը սկզբունքորեն պետք է իսլամիստների նույն «ծիրի մեջ գտնվի»

Պակիստանի և Աֆղանստանի միջև անցյալ տարի հաստատված հրադադարը խախտվել է, ինչի համար կողմերը փոխադարձաբար մեղադրել են միմյանց: Պակիստանը հայտարարել է, որ «պարբերաբար ենթարկվել է ահաբեկչական հարձակումների և դիմել է կանխարգելիչ գործողությունների»:

Աֆղանական կողմը պնդել է, որ «ենթարկվել է ագրեսիայի և հարկադրված է պատասխանել»: Ըստ տեղեկությունների, մարտական գործողությունների ընթացքում «երկու կողմերից հարյուրավոր զինծառայողներ են զոհվել»: Ընդ որում, հրթիռակոծության է ենթարկվել թե Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը, թե Պակիաստանի մայրաքաղաք Իսլամաբադը:

Պակիստանի և Աֆղանստանի միջև զինված հակամարտության հերթական սրացումը ժամանակի առումով համընկել է երկու կարևոր իրադարձության: Նույն օրը Ժնևում կայացել է իրանա-ամերիկյան միջնորդավորված բանակցությունների երրորդ փուլը, իսկ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Երուսաղեմում ավարտել է երկօրյա պաշտոնական այցը՝ հայտարարելով, որ Իսրայելի հետ հարաբերությունները բարձրացել են «առանձնահատուկ ռազմավարական գործընկերության մակարդակի, որ անշրջելի կլինի»:

Մեկնաբանելով Աֆղանստանի հետ ռազմական բախումը, Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը այն գնահատել է «թալիբների դեմ բաց պատերազմ» և Քաբուլի իսլամական վարչակազմին մեղադրել «Հնդկաստանի ճամբարն անցնելու մեջ»:

Աֆղանա-պակիստանյան զինված հակամարտությանը փետրվարի 27-ին արձագանքել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիև: Նա իր երկրի իշխանություններին կոչ է արել «ամեն կերպ աջակցել եղբայրական Պակիստանին»:

Հասանգուլիևը հայտարարել է, որ ««Թալիբանը» քարանձավային աշխարհայացք ունի» և հավելել, որ աշխարհի բազմաթիվ երկրների Քաբուլում «հաստատված վարչախումբն ճանաչում են որպես ահաբեկչական կազմակերպություն»:

Որ աֆղանական «Թալիբանը» միջազգային թույլ լեգիտիմություն ունի և տասնյակ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության, կողմից ճանաչված է «ահաբեկչական», դրանում ադրբեջանցի խորհրդարանականը ճիշտ է:

Բայց փաստ է, որ Ադրբեջանը այն հազվագյուտ երկրներից է, որ Աֆղանստանից ԱՄՆ հեռանալուց և Քաբուլում «Թալիբանի» վարչախմբի հաստատումից հետո այդ երկրի հետ դիվանագիտական կապերը չի խզել: Հայտնի փաստ է, որ 2024թ.-ին Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Ուզբեկստանի Թերմեզ՝ Աֆղանստանի հետ սահմանային, քաղաքում մասնակցել է Քաբուլի վարչախմբի ներկայացուցիչների հետ հանդիպմանը և քննարկել առեւտրատնտեսական կապերի հարցը:

Ստույգ է նաև, որ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ Իսլամական համերաշխության կազմակերպության գագաթաժողովը նույն տարում գումարվել է օկուպացված Շուշիում և Ստեփանակերտում, որին Աֆղանստանը մասնակցել է «փոխվարչապետ» մոլլա Գանի Բարադարի մակարդակով:

Ներկայումս ի՞նչ մակարդակի վրա են աֆղանա-ադրբեջանական հարաբերությունները, հրապարակային տեղեկություններ չկան: Պաշտոնական Բաքուն պակիստանա-աֆղանական հակամարտության սրացման վերաբերյալ առայժմ տեսակետ չի արտահայտել: Ալիևը, հավանաբար, ակնկալում է, որ Իսլամաբադ-Քաբուլ լարվածությունը լայնածավալ պատերազմի չի վերաճի:

Այդուհանդերձ, եթե Իսլամաբադում գնահատում են, որ Քաբուլի վարչախումբը «սպասարկում է Հնդկաստանի շահերը», Ադրբեջանը սկզբունքորեն պետք է նույն «ծիրի մեջ գտնվի»: