15/03/2026

EU – Armenia

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության գործընթացը «կվերանայի՞»

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հետաձգել է Մոսկվա այցը, որ, ըստ նախապես համաձանեցված ժամանակացույցի, պետք է տեղի ունենար նույն օրը: Լրատվամիջոցները փոխանցել են, որ Շարիֆը նման որոշում է կայացրել՝ «ելնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակից, չնայած Ռուսաստանի նախագահի հետ ծրագրված բանակցությունները Պակիստանի համար չափազանց մեծ կարեւորություն ունեն»:

Ըստ տեղեկությունների, Պակիստանի վարչապետի Մոսկվա այցը կկայանա, երբ «երկկողմ խորհրդատվությունների արդյունքում նոր ժամկետներ կհամաձայնեցվեն»:

Պակիստանի վարչապետի Մոսկվա վերջին այցը կայացել է չորս տարի առաջ՝ Ուկրաինայի դեմ պատերազմից երկու օր առաջ: Այդ այցից ոչ ավելի, քան երկու շաբաթ հետո խորհրդարանը անվստահություն է հայտնել վարչապետ Իմրան խանին:

Վերջինս հետագայում ենթարկվել է քրեական պատասխանատվության և ներկայումս պատիժը կրում է խիստ հսկողության բանտում: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ նա «գրեթե կուրացել է, բայց հրաժարվում էբժշկական օգնությունից»:

Ռուսաստանի նախագահի հետ կարևոր ի՞նչ հարց պետք է քննարկեր Պակիստանի վարչապետը, ոչ մի տեղեկություն չկա: Կարելի է ենթադրել, որ ռուս-պակիստանյան հարաբերություններում առաջընթաց հնարավոր է՝ կապված Հնդկաստանի և Ռուսաստանի միջև սառնության հետ:

Պակիստանը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է և ընդգծված սերտ կապեր ունի նաև Ադրբեջանի հետ: «Անադոլուն» հայտնել է, որ մարտի 2-ին կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում Հաքան Ֆիդանը և Ջեյհուն Բայրամովը «քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը և այն կարգավորելուն, բախումներին վերջ տալուն ուղղված ջանքերի շուրջ մտքեր փոխանակել»:

Ըստ որոշ աղբյուրների, Թուրքիան հրաժարվել է Իսրայելի դեմ Իրանից արձակված հրթիռները իր օդային տարածքում չեզոքացնելու առաջարկությունից, իսկ Պակիստանը միանշանակորեն սատարել է Իսրայելին «պատասխան հարվածներ հասցնելու Իրանի օրինական իրավունքին»:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանի հետ: Արեւմտյան մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Էր-Ռիադը, որ մինչ այդ հայտարարել էր Իրանին հարվածելու մտադրության մասին, առայժմ կոնկրետ քայլերից ձեռնպահ է մնում»:

Պարզորոշ հասկացվում է, որ Իրանի դեմ հատուկ ռազմական գործողությունը Թուրքիան փորձում է օգտագործել երկու նպատակով: Անկարան նախ Թեհրանին ներկայանում է որպես «դաշնակից», ապա ձգտում է տարածաշրջանում հակաիսրայելական կոալիցիա ձևավորել՝ դաշնակից ունենալով Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Կատարին: Պակիստանի դիրքորոշումը վկայում է, որ Թուրքիայի հակաիսրայելական ձեռնարկումներն աշխարհագրական ավելի լայն ընդգրկում ունեն:

Բացառված չէ, որ Իսրայելի դեմ հանդես գան Եմենի հութիները, ինչպես նաև՝ Սոմալին և Սուդանը:

Այս առումով խիստ ուշագրավ է, որ Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման բառացիորեն նախօրեին Եթովպիայի վարչապետն այցելել է Ադրբեջան, որտեղ երկու աշխատանքային օր է անցկացրել:

Դրանից տասը օր առաջ նա Ադիս-Աբեբայում հյուրընկալել է Թուրքիայի նախագահին: Տպավորություն է, որ Եթովպայի վարչապետի Բաքու այցը նրա և Թուրքիայի նախագահի բանակցությունների տրամաբանական շարունակությունն է:

Կարելի է, թերևս, ամփոփել, որ Թուրքիան փրձում է լուծել Ադրբեջանը իսրայելական ազդեցությունից դուրս բերելու կամ առնվազն Բաքվի և Երուսաղեմի միջև «կառավարելի հեռավորություն տեղծելու» բարդ խնդիր:

Եթե դա հաջողվի, ապա Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության գործընթացը «կվերանայի՞»: