17/04/2026

EU – Armenia

Բացառված չէ, որ Մոջթաբա Խամենեիի «մահվան մասին լուրը չափազանցված» չէ

Բրիտանական The Sun պարբերականը, հղելով Թեհրանում «վստահելի մի աղբյուրի», գրել է, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին «ներկայումս գտնվում է կոմայի մեջ»։

Ըստ տեղեկության, «ավիահարվածների արդյունքում նա կորցրել է մի ոտքը, վնասվածքներ ունի ստամոքսի և լյարդի շրջանում»։

Հաջորդ օրը Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության Mossad Farsi թելեգրամյան ալիքը պարսկերենով գրառում է տարածել և պնդել, որ «Իրանի նոր հոգեւոր առաջնորդն ամեն ինչ ավարտել է, նախքան որևէ բան կաներ, որովհետեւ նրան այդ պաշտոնում ընտրել են մեռյալ վիճակում»:

Հնարավոր է, «Մոսադը» Իրանի քաղաքացիներին դրդում է, որ չհավատան պաշտոնական տեղեկատվությանը, լուրջ չընդունեն Մոջթաբա Խամենեիի «ուղերձը», որ նախօրեին ըներցել է պետական հեռուստատեսության հաղորդավարը:

Մյուս կողմից փաստ է, որ հոգևոր նոր առաջնորդի ընտրությունից անցել է արդեն չորս օր, բայց նա ոչ միայն հանրությանը չի ներկայացել, այլև իշխանության որևէ ներկայացուցչի հետ հրապարակման արժանացած շփում չի ունեցել:

Ընդդիմադիր Iran Internacional-ի տեղեկություններով՝ Մոջթաբա Խամենեիի մոտ անցյալ ժամանակահատվածում մուտք են ունեցել «շատ սահմանափակ թվով պաշտոնյաներ»:

Լրատվամիջոցն ընդգծել է, որ «նրան երկու անգամ տեսակցել և բուժող բժիշկների հետ խորհրդակցություն է անցկացրել Մասուդ Փեզեշքիանը»: Վերջինս մասնագիտությամբ սրտաբան-վիրաբույժ է և, հաբանաբար, բժիշկների հետ վստահելի հարաբերություններ ունի:

Հոգևոր առաջնորդի շուրջ այս անորոշ և բոլոր առումներով կասկածահարույց իրավիճակում սոցիալական հարթակներում տեսագրություն է տարածվել, թե ինչպես է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը առանց թիկնապահների ուղեկցության շրջում Թեհրանի փողոցներում, շփվում պատահական անցորդների հետ, մտքեր փոխանակում, համատեղ «սելֆի»-ներ անում:

Ո՞րն է Փեզեշքիանի «ի հանրություն հայտնության» մոտիվացիան: Հնարավոր է, դա ժողովրդին գոտեպնդելու նպատակ ունի: Մանավանդ որ մեկ շաբաթից կգա Նավրուզը, որ իրանցիների ամենասիրելի և ավանդական տոնն է, գալիս է հազարամյակների հեռվից:

Բացառված չէ, որ Մոջթաբա Խամենեիի «մահվան մասին լուրը չափազանցված» չէ, և նախագահ Փեզեշքիանը երկրի նոր առաջնորդի ընտրության հարցում «մտադիր է ավելի սկզբունքային դիրքորոշում դրսևորել»:

Որքան էլ ընդունենք, որ անցած երկշաբաթյա շրջանում Իրանը Միացյալ Նահանգներին և Իսրայելին արժանապատիվ, իսկ որոշ դեպքերում շատ արդյունավետ և բավական ցավոտ դիմադրություն է ցույց տվել, կողմերի ռեսուրսները համադրելի չեն:

Իրենց հաշվակրներում, կարծես, սխալվել են թե ԱՄՆ-ը, թե Իրանը. Պարսից ծոցի արաբական միապետությունները չեն միանում Իրանի դեմ պատերազմին, բայց և ամերիկացիներին իրենց տարածքից չեն հեռացնում, իսկ Հորմուզի նեղուցի փակումից շահում է Ռուսաստանը:

Այս իրավիճակում պատերազմի դադարեցումը, երևի, այլընտրանք չունի, բայց դրա համար Վաշինգտոնը և Թեհրանը «քարերը պիտի գոգից թափեն», հրաժարվեն առավելապաշտական հռետորաբանությունից: Ժամանակը սեղմում է:

Մասուդ Փեզեշքիանը կարո՞ղ է Վաշինգտոնի համար բանակցունակ դեմք լինել: Տեսականորեն՝ այո, բայց քաղաքականությունը պահանջում է կոնկրետ քայլեր: Մոջթաբա Խամենեին եթե անգամ ողջ է, ապա, ամենայն հավանականությամբ, գտնվում է կոմայի մեջ:

Նրա անունից խոսում է ԻՀՊԿ հրամանատարությունը: Փեզեշքիանը արմատական քայլի դիմելու ունա՞կ է, ներվերնախավային ռեսուրս ունի՞, թե՞ դիմո՞ւմ է փողոցի օգնությանը: