23/03/2026

EU – Armenia

Մեկամյա երեխայի առողջական վիճակը, ցավոք, ծայրահեղ ծանր է, բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ. Ավանեսյան

«Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 16-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց դեպքին:

«Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խոր կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։

Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»,- գրել է Ավանեսյանը:

Ինչպես հայտնել էինք, մարտի 16-ին՝ կեսգիշերից անց, «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արարատի մարզից Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1,2 տարեկան տղա երեխա։ Նրա սրտի աշխատանքը վերականգնվել է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր:

Երեխան հոսպիտալացվել էր ծեծի հետևանքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել էր երեխայի խորթ մայրը: