01/05/2026

EU – Armenia

Տասնյակ տարբերակներ կարելի է քննարկել, ժամանակ ձգել, խուսանավել, իրականության առջև աչք փակել

Ղարաբաղյան կարգավորման առաջին առաջարկությունը, որ համանախագահները 1997թ. ամռանը ներկայացրել են կողմերին, հայտնի է «Փաթեթային տարբերակ» անվանումով:

Այն կառուցված էր ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի «ոգով» և ենթադրում էր ԼՂ շուրջ բոլոր տարածքների վերադարձ Ադրբեջանին, Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի «բարձր ինքնավարության» կարգավիճակ և Լաչինի միջանցքով ԼՂ-Հայաստան ցամաքային կապ: Այդ տարբերակը հայկական կողմերից մերժվել է:

Նույն տարվա նոյեմբերին միջնորդները ներկայացրել են կարգավորման «Փուլային տարբերակը», որ առաջինից տարբերվում էր մի բանով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չէր կանխորոշվում, թողնվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո Բաքու-Ստեփանակերտ-Երևան քաղաքական բանակցությունների առարկա:

Այդ տարբերակը նույնպես մերժվել է, ինչի պատճառով Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն:

Հայաստանի նախագահի պաշտոնը Ռոբերտ Քոչարյանի կողմից ստանձնելուց մոտ մեկ ամիս հետո արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Վարդան Օսկանյանը և Վազգեն Սարգսյանը հրավիրվել են Մոսկվա:

Այդ մասին վկայել է Վարդան Օսկանյանը՝ «Առավոտ» օրաթերթում հեղինակային հոդվածով: Մոսկվայում Օսկանյանը ՌԴ արտգործնախարար Պրիմակովին առաջարկել է ԼՂ կարգավորման համար կիրառել Մերձդնեստի համար մշակած «Ընդհանուր պետություն» տարբերակը:

Ռուսական կողմն ընդառաջել է, մյուս համանախագհների հետ համաձայնեցրել և տարեվերջին Բաքվին, Ստեփանակերտին և Երևանին ներկայացրել մի նախագիծ, որով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում պետք է ունենար «հանրապետական տիպի պետական կազմավորման կարգավիճակ»:

Հայաստանը և ԼՂ-ն այդ տարբերակը ընդունել են որպես բանակցությունների հիմք, Ադրբեջանը՝ կտրուկ մերժել: Այսպիսով, Հայաստանը 1998թ. դեկտեմբերին պաշտոնապես ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս է, բայց կարող է ունենալ «հանրապետական տիպի պետական կազմավորման կարգավիճակ»:

Մեկ տարի հետո Ռոբերտ Քոչարյանը, ինչպես դարձյալ Վարդան Օսկանյանն է վկայել, ընդունել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի առաջարկությունը՝ ԼՂ խնդիրը լուծել տարածքների փոխանակման միջոցով:

Հետագայում տարածքների փոխարեն քննարկվել է «սուվերեն միջանցքների փոխանակման» տարբերակը, բայց դրանից սկզբունքորեն ոչինչ չի փոխվել, քիուեսթյան «փաթեթը» հստակ արձանագրել է, որ «Ադրբեջանի նախկին ԼՂԻՄ-ի տարածքի այն մասը, որ ադրբեջանական վերահսկողության ներքո չէ, փոխանցվում է Հայաստանին»:

Հայաստանն, ըստ այդմ, երկրորդ անգամ է ճանաչել, որ Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի նախկին ԼՂԻՄ-ն» է, այսինքն՝ այդ երկրի տարածքի մի մասն է:

Քիուեսթյան գործընթացի ձախողումից հետո Հայաստանը և Ադրբեջանը շուրջ չորս տարի բանակցել են ԼՂ կարգավորման «հետաձգված հանրաքվեի» գաղափարի շուրջ, որ համանախագահները փաստաթղթային տեսքի են բերել և կողմերին ներկայացրել 2007 թ. նոյեմբերին:

Այդ առաջարկությունը, որ հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անվանումով, ենթադրում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով, որի անցկացման ժամկետների, հանրաքվեի դրվելիք հարցերի, մասնակիցների էթնիկ կազմի շուրջ պետք է ձեռք բերվեր կողմերի համաձայնությունը:

Այսինքն, առանց Ադրբեջանի համաձայնության ԼՂ-ում հանրաքվե չէր անցկացվի, ինչպես և եղավ գործնականում: Սա Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես Ադրբեջանի մաս ճանաչելու երրորդ դեպքն է:

Խոսք չի կարող լինել, որ քննարկված բոլոր, նույնիսկ «Փաթեթային տարբերով» ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորումը ներկա վիճակի համեմատ պարզապես երանելի կլիներ: Բայց պատմությունը, ինչպես ասում են, ըղձական խոնարհում չի հանդուրժում:

Այդուհանդերձ, անթույլատրելի է, երբ որոշակի քաղաքական ուժեր փորձում են խեղաթյուրել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը: Ի վերջո, տասնյակ տարբերակներ կարելի է քննարկել, ժամանակ ձգել, խուսանավել, իրականության առջև աչք փակել:

Բայց փաստերը համառ են: