Նախօրեին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջեւ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի շուրջ տպավորությունը, որ, ի դեպ, անմիջապես արձագանք է գտել նաև հայաստանյան ընդդիմության հետ աֆիլացված լրատվամիջոցներում և փորձագիտական շրջանակներում, հիմնականում կառուցված էր «Պուտինը և Թրամփը նոր աշխարհակարգի համաձայնության են հասել» նարատիվի վրա։
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի հաջորդ օրը ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է «Գիտելիք․ առաջինը» խորագրով միջոցառման մասնակիցներին։
«Եվրոպան պայքարում է ԱՄՆ-ի, իսկ ԱՄՆ-ը՝ ամբողջ աշխարհի դեմ, ի՞նչ ավարտ է սպասվում»,- հարցին նա պատասխանել է: «Եթե՝ հակիրճ, ապա ամեն ինչ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով» և Եվրոպային և Միացյալ Նահանգներին նույնացրել «բանկայում փակված սարդոստայնների» հետ։
Անցած ոչ լրիվ մեկ օրվա ընթացքում ի՞նչ է փոխվել, որ Մեդվեդևը թույլ է տվել նման գռեհիկ համեմատություն անել և փաստացի բացահայտել, որ Մոսկվայում խաղադրույք են դրել Եվրոպա-ԱՄՆ առճակատման վրա, որ «կավարտվի Ռուսաստանի հաղթանակով»։
Ապրիլի լույս 30-ի գիշերը ուկրաինական անօդաչուները գրոհել են Պերմի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները և Ղրիմի կամրջի անվտանգությունը ապահովող՝ ՌԴ ԱԴԾ երեք կատերները։
Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Ռուսաստանին ուկրաինական հարվածները որակել է «ահաբեկչություն»։ «Դոյչե վելլեի» մեկնաբանը համարել է, որ նա փաստացի Դոնալդ Թրամփին «խնդրել է ճնշում գործադրել, որպեսզի Ուկրաինան դադարեցնի նավթավերամշակման գործարանների, նավթամբարների և տարանցման ենթակառուցվածքների ոչնչացումը, բայց ստացել է «ոչինչ չեմ կարող անել» պատասխան»։ Նա համոզված է, որ Թրամփը «Զելենսկու նկատմամբ ազդեցության լծակներ այլևս չունի»։
ՌԻԱ Նովոստի գործակալությունը իրավիճակը ներկայացրել է այնպես, որ «Արևմուտքը Ուկրաինայի միջոցով խնդիր է դրել Ռուսաստանին զրկել նավթի գների բարձրացման սերուցքը քաղելու հնարավորությունից»։
Երիտասարդության հետ հանդիպմանը Մեդվեդևը կրկին «միջուկային ապոկալիպսիսը իրականում հնարավոր» է համարել, իսկ նրանց, որ դրան չեն հավատում, անվանել է «հիմարներ»։ Ավելին, նա հավաստիացրել է, որ «Եվրոպայի հետ հակամարտությունը էքզիստենցիալ բնույթ ունի և, ավելի շուտ, ներկա սերնդի օրոք չի ավարտվի»։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը փաստացի չեղարկել է Դոնալդ Թրամփի լավատեսությունը, որ նա ուկրաինական պատերազմի «մոտալուտ ավարտի» մասին արտահայտել է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։
Դա վկայում է, որ Պուտին – Թրամփ հեռախոսազրույցը Կրեմլում ավելի շատ հարցերի տեղիք է տվել, քան ներկայացվել է պաշտոնական տեղեկատվությամբ։ Խնդիր է, թե Պուտինը ինչո՞ւ Մեդվեդևի միջոցով նման բացահայտում արել։

Բաց մի թողեք
Թեհրանը հասկացրել է, որ պատրաստ է զինված դիմակայության ևս մեկ փուլի
ԻՀՊԿ հրամանատարությունը Արաղչիին կրկին «իդիոտ» կհամարի ու կչեղարկի Պուտինի հետ համաձայնությունները
Կողմերը ֆորմալ կշարունակեն հավատարիմ մնալ ռազմավարական գործընկերային համագործակցությանը