01/05/2026

EU – Armenia

Կողմերը ֆորմալ կշարունակեն հավատարիմ մնալ ռազմավարական գործընկերային համագործակցությանը

Ղազախստանի նախագահ Տոկաևը ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովին։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի վարչության պաշտոնական կայքը։

Մայիսի վերջին նախատեսված է ՌԴ նախագահ Պուտինի Աստանա պետական այցը, որ, ինչպես Տոկաևն է ասել՝ «ընթացիկ տարվա երկկողմ օրակարգի գլխավոր իրադարձությունը կլինի»։

Ղազախստանի նախագահը Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատել է «ռազմավարական դաշնակցային» և դրանք «զարգացնելու և խորացնելու» պատրաստակամություն հայտնել։

Իր հերթին Լավրովը Տոկաևին տեղեկացրել է Պուտինի «այցի նախապատրաստության մասին» և ընդգծել, որ Ղազախստանի հետ «բազմակողմ համագործակցության բոլոր առանցքային հարցերը մշակվում են կառավարությունների և արտաքին գործերի նախարարությունների մակարդակով»։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները նաև «տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակություն են ունեցել»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Աստանա է մեկնել Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի և Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումից, Իսրայելի նախագահի Աստանա այցից և Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո։

Իրադարձությունների այս «շղթայով» հատկապես առանձնանում է Իսրայելի նախագահ Հերցոգի Աստանա այցը, որի կարեւորության մասին կարելի է, թերևս, դատել նրանով, որ նա ութ ժամ թռիչքի մեջ է եղել, քանի որ Թուրքիան իսրայելական ինքնաթիռին օդային տարածք չի տրամադրել։

Ղազախստանը մի քանի ամիս առաջ հայտարարել է «Աբրահամյան համաձայնություններին» միանալու մասին։

Դա նշանակում է, որ Աստանան Երուսաղեմի հետ ռազմավարական համագործակցության ուղեգիծ է ընտրում, որ, ամենայն հավանականությամբ, կներառնի նաև անվտանգային և բարձր տեխնոլոգիաների ոլորտը։

Իրանի շուրջ չափազանց բարդ իրավիճակում Իսրայելի նախագահի Աստանա այցը խորհրդանշում է Ղազախստանի ախարհաքաղաքական ընտրության շրջադարձային փոփոխություն, որ Մոսկվային չի կարող չանհանգստացնել։

Ղազախստանը ՀԱՊԿ, այսպես ասած՝ համակարգաստեղծ անդամ է, որի ընտրությունը Կենտրոնական Ասիայի մյուս երկրների համար կարող է ընդօրինակելի դառնալ։ Իսրայելա-ղազախստանյան համագործակցությունը, որքան էլ դիվանագիտական մեղմասացություններով քողարկված, փաստացի ուղղված է Իրանի դեմ, ինչը աշխարհաքաղաքականության դիտանկյունից նաև Ռուսաստանի շահերին է հակասում։

Այս համատեքստում Ռուսաստանի նախագահի Աստանա պետական այցի արդյունավետությունը խնդրահարույց է թվում, թեև մյուս կողմից Ղազախստանը նավթի արտահանման լոգիստիկայով կախված է Մոսկվայից։

Հավանական է, որ կողմերը ֆորմալ կշարունակեն հավատարիմ մնալ ռազմավարական գործընկերային համագործակցությանը, բայց գործնական հարաբերությունները այլևս նախկինը չեն լինի։

Ամենայն հավանականությամբ, Ղազախստանը «մոտենում է Ռուսաստանից ապահարզանի սահմանագծին»։