01/05/2026

EU – Armenia

Թեհրանը հասկացրել է, որ պատրաստ է զինված դիմակայության ևս մեկ փուլի

Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է Իսլամական հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը, որ աչքի է ընկել Միացյալ Նահանգների հանդեպ ծայրահեղ անհանդուրժողականությամբ և վերջնային բովանդակությամբ։

Միացյալ Նահանգներին անվանելով «մեծ սատանա», Խամենեի-կրտսերը նրա համար միակ տեղ է սահմանել «ծովի հատակը»։ Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարել է, որ երկրի իննսուն միլիոն բնակչությունը պատրաստ է «մինչև վերջ պաշտպանել միջուկային և հրթիռային ծրագրերը»։

Խամենեին Պարսից ծոցի արաբական երկրների հետ համերաշխություն է հռչակել և վստահեցրել, որ «հազարավոր կիլոմետր հեռուներից եկած օտարները տարածաշրջանում տեղ չունեն»։ Նա վստահեցրել է, որ Իրանի և Պարսից ծոցի երկրների «պայծառ ապագան կլինի առանց Ամերիկայի մասնակցության»։

Մոջթաբա Խամենիին գործունակ չէ, նրա անունից, ինչպես իրազեկ աղբյուրներն են պնդում, հանդես է գալիս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Խամենեիի «ուղերձը» այս իմաստով կարելի է համարել Իրանում ԻՀՊԿ իշխանության հաստատման վկայություն։

Իրանը, այսպիսով, մերժել է կարգավորման ամերիկյան նախապայմանները։ Խիստ կարեւոր է, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հեռախոսազրույցի հաջորդ օրը։ Դա նշանակում է, որ ԻՀՊԿ հրամանատարությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Ռուսաստանի միջնորդությունը «պահանջված չի տեսնում»։

Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը մի քանի առումներով ռիսկաային է։ Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը «պարտվել է և պետք է ուշքի գա ու գթասրտություն հայցի»։

Թեհրանը հասկացրել է, որ պատրաստ է զինված դիմակայության ևս մեկ փուլի։