24/03/2026

EU – Armenia

Իսրայելա – թուրքական պատերազմի հավանականությունը օր – օրի մեծանում է

Ինչպես և սպասվում էր, Թուրքիան չափազանց կոշտ է արձագանքել Սիրիայի հարավում Իսրայելի զինված ուժերի ձեռնարկած «կանխարգելիչ գործողություններին»:

Նախ պաշտպանության, ապա և արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է «ինքնիշխան երկրի տարածքի դեմ ոտնձգությունները» և զգուշացրել, որ Թուրքիան «եղել և շարունակում է մնալ Սիրիայի տարածքային ու քաղաքական ամբողջականության պահպանման աջակիցը»:

Նույն օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե նահանգում բնակչության հետ հանդիպմանը Իսրայելի վարչապետ Նաթանյահուի գործողությունները որակել է «ահաբեկչական», որ սպառնում են «ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ անվտանգությանը»:

Էրդողանը, կարծես, անուղղակի պատասխանել է Նաթանյահուին, ով նախօրեին Երուսաղեմում մամուլի ասուլիս է անցկացրել եւ փաստացի բացահայտել Իրանի դեմ պատերազմի աշխարհա-տնտեսաքաղաքական և կոմունիկացիոն ենթատեքստը:

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում Իրանից կախվածությունը «ընդմիշտ հաղթահարելու համար պետք է փոխվի տարածաշրջանից էներգակիրների արտահանման լոգիստիկան»:

Իսրայելական ynet- քաղաքական մեկնաբանան Իթամար Այհները, անդրադառնալով Նաթանյահուի մամուլի ասուլիսին, հիշեցրել է, որ դեռևս 2017թ.-ին, Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շրջանում, Իսրայելը Միացյալ Նահանգներին և Սաուդյան Արաբիան ներկայացրել է էներգակիրների արտահանման ցամաքային երթուղի, որ ենթադրում է Սաուդյան Արաբիա-ԱՄԷ-Հորդանան-Իսրայել նավթատար խողովակաշարերի և գազամուղերի կառուցում:

Այդ նախագիծն իրականացնելու դեպքում Պարսից ծոցի երկրների էներգակիրները խողովակաշարերորվ կհասնեն Իսրայելի միջերկրածովյան նավահանգիստներ, իսկ այնտեղից՝ Եվրոպա:

Ըստ տեղեկությունների, Միացյալ Նահանգները «ողջունել է այդ ծրագիրը, իսկ Սաուդյան Արաբիան դեռևս վերջնական որոշում չի կայացրել»:

Հրապարակայնացնելով այդ թեման, Իսրայելի վարչապետը բացահայտել է Թուրքիայի հետ հակասությունների բուն պատճառը. եթե արաբական երկրները համաձայնեն, և Նաթանյահուի «երթուղին գործի», ապա Թուրքիան կորցնում է դեպի Եվրոպա էներգակիրների արտահանման «հաբի» դերը:

Այսպիսով, Իրանի դեմ պատերազմը Մերձավոր Արևելքում ուժերի նոր հարաբերակցության, առեւտրական և էներգետիկ ռեսուրսների տարանցման երթուղիների նկատմամբ վերահսկողության, նոր «միջանցքների» ստեղծման մասին է:

Այն կարող է արմատապես փոխել համաշխարհային տնտեսական և կոմունիկացիոն հարաբերությունների ինչպես «աշխարհագրությունը», այնպես էլ՝ որակը, դրանց շուրջ անվտանգային միջավայրը:

Առկա իրողությունների գնահատմամբ, կարծես թե շատ առարկայական է պատկերվում ևս մեկ՝ իսրայելա-թուրքական պատերազմի հավանականությունը: