19/04/2026

EU – Armenia

Իրանը ծրագրել է մարտական գործողությունները շարունակել մինչև աշուն

Ի պատասխան Հորմուզի նեղուցը քառասունութ ժամվա ընթացքում բացելու վերջնագրի, որ պաշտոնական Թեհրանին նախորդ օրը ներկայացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ գեներալ Ռեզա Թալաի-Նիկը հայտարարել է, որ իր երկրի Զինված ուժերը «պատրաստ են անընդմեջ շարունակել ռազմական գործողությունները՝ մինչև թշնամին կանգ չառնի կամ չընդունի կապիտուլյացիան»:

Թալաի-Նիկը վստահեցրել է, որ Իրանը «պահպանում է ցանկացած կետի հարվածելու բոլոր հնարավորությունները և եթե նրա էներգետիկ համակարգը ենթարկվի հարձակման, ապա ամբողջ տարածաշրջանը կհոսանքազրկվի»:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակման երրորդ շաբաթը մոտենում է ավարտին, բայց պատերազմը դադարելու որևէ նախանշան դեռևս չկա: Իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը, ով խորհրդարանի նախկին պատգամավոր է և աշխատել է անվտանգության ու արտաքին կապերի հանձնաժողովում, գտնում է, որ իսրայելա-ամերիկա-իրանյան պատերազմը դադարեցնելու «ինստիտուցիոնալ հարթակ դեռևս չի ձևավորվել»:

Նա հատուկ կարևորություն է տալիս անցյալ շաբաթ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում արաբական և մուսուլմանական տասներկու երկրների արտգործնախարարների խորհրդատվական հանդիպմանը, որի մասնակիցները դատապարտել են տարածաշրջանի երկրների դեմ Իրանի հրթիռային և դրոնային հարվածները, բայց համարում է, որ այդ հարթակը «բավարար ազդեցություն չունի, որպեսզի Թեհրանին համոզի ընդունել առկա իրողությունները»:

Ցինկերը գտնում է, որ «գլոբալ առումով այդ դերը կարող է կատարել Չինաստանը, որ այդ պատերազմի տուժող կողմերից, թերևս, առաջինն» է: Իսրայելցի քաղաքագետը, հավանաբար, հույս է կապում ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների հանդիպման հետ, բայց այն հետաձգվել է:

Փորձագետների մեծ մասը համոզված է, որ Թրամփը «չի ցանկացել դատարկաձեռն ներկայանալ Սի Ծինփինի հետ հանդիպմանը, որի ընթացքում նրա հաղթաթուղթը պետք է լիներ Իրանի դեմ հաղթանակը»:

Իսրայելցի նախկին խորհրդարանականը իրավիճակի հանգուցալուծման ամենաօպտիմալ տարբերակ է տեսնում այն, որ Իրանի վերնախավը «համաձայնության գա երկրի մի առաջնորդի թեկնածության շուրջ, ով կարող է ստեղծված իրավիճակը ժողովրդին ներկայացնել որպես միակ շահավետ տարբերակ»:

Նա չի բացառում, որ Միացյալ Նահանգները կարող են «ոչ միայն պատժամիջոցները մեղմել, այլև համաձայնության գալ Իրանի ռազմական հզորության չափորոշիչների հարցում՝ բացի, իհարկե, միջուկային զենքից»:

Այս վերլուծականից կարելի է եզրակացնել, որ Իսրայելում Իրանի դեմ պատերազմով, մեղմ ասած, ոգևորված չեն: Վերջին երեք օրերին Իրանը մի քանի հաջող հրթիռային հարվածներ է իրականացրել, այդ թվում՝ ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքներին:

Իրականությանը, ամենայն հավանականությամբ, չեն համապատասխանում այն լուրերը, որ «Իրանը կորցրել է հրթիռների մեծ մասը, իսկ դրանց արձակման հարթակները հիմնականում ոչնչացված» են: Թեհրանը միաժամանակ ակտիվ դիվանագիտություն է իրականացնում:

Թերևս, ճիշտ է axsios-ի մեկնաբանի գնահատականը, որ «պետերազմող կողմերը մտել են հանրային փորձության փուլ»: Նրա գանահատմամբ՝ «Իրանը ծրագրել է մարտական գործողությունները շարունակել մինչև աշուն, երբ կսկսվի Կոնգերսի միջանկյալ ընտրությունների քարոզարաշավը, և դեմոկրատները գործը ավարտին կհասցնեն»: