Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը ֆեյսբուքի անհատական էջում չափազանց ուշագրավ գրառում է կատարել։
Նա ասել է, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ միջազգային հարթակներում դեմ է եղել տարածքային ամբողջականության սկզբունքին, իսկ այսօր ձգտում է հասնել Հայկական ԽՍՀ-ի սահմաններում Ադրբեջանի կողմից ճանաչման, թեև «նախկինում ինքը այդ սահմաններում երբեք իրեն չի ճանաչել»։
Այնուհետև Զուլֆուգարովը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական կյանքին և ամփոփել, որ «անկեղծ ասած, Ադրբեջանում շատերն են սպասում, որ հակառակորդը սխալ թույլ տա և իրեն հարվածի տակ դնի»։
Հասկանալի է, թե ինչ սխալի մասին է ակնարկում Զուլֆուգարովը, որ անցյալ տարվա վաշինգտոնյան պայմանավորվածություններին նախորդած շրջանում պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը «պետք է իրականացվի նախախորհրդային շրջանի քարտեզների հիման վրա»։
Հայաստանյան ընդդիմութունը հանդես է գալիս Ադրբեջանի հետ նախաստորագրված պայմանագիրը «վերաբանակցելու» քարոզչությամբ։ Նախօրեին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան պայմանագրին կից «հավելվածների անհրաժեշտության» մասին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հավաստիացնել, որ հավատարիմ է խաղաղության օրակարգին, բայց Բաքվի փորձագիտական հանրության ամենատարբեր ներկայացուցիչներ գրեթե բաց ակնարկում են, որ Հարավային Կովկասում կայունությունը «չափազանց փխրուն է, Իրանի շուրջ զարգացումները կարող են նոր իրավիճակ ստեղծել»։
Ադրբեջանում «ազատ ոճի» քաղաքագետներ և վերլուծաբաններ գրեթե չկան, ուստի խնդիր է, թե ի՞նչ հեռանկար է կանխատեսում Բաքուն, եթե քաղաքագետներին արտոնել է «ակնկալիքներ» հրապարակայնացնել։ Անոնսավորված է, որ մայիսին Ղազախստանում կգումարվի Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողով, հունիսին Թուրքիայում կազմակերպվում է ՆԱՏՕ-ի գագաթաժողով։
Թուրքական մամուլը խոսել է ՄԱԿ-ում ԹՊԿ-ին միջազգային կազմակերպության կարգավիճակի հասնելու նախաձեռնության մասին։ Եվրամիությունը լրջորեն քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությանը Թուրքիայի ռազմաարդյունաբերական համալիրը ինտեգրելու հեռանկարը։
Այս հավանական զարգացումներում Ադրբեջանը ուղղակի և Թուրքիայի հետ ռազմական փոխադարձ օգնության մասին պայմանագրով ներգրավված է, բայց դա «այսբերգի վերջրյա մասն» է։
Կարելի է, իհարկե, վարկածել, որ Թոֆիգ Զուլֆուգարովը «սպառնում է, որպեսզի օգնի Փաշինյանին»։ Բայց պետք է հաշվի առնել, որ «Զյանգյազուրի երազանքը» Բաքվում ոչ ոք չի չեղարկել։

Բաց մի թողեք
Ուկրաինայի դեմ պատերազմի մեկ ժամն արժենում է 22 միլիոն դոլար
Երեսուն տարի Ալիևը չկարողացավ Կանդազին կալանավորել, Փաշինյանը կալանավորեց
Մոսկվայի «մտադրության» գործնականացումը պայմանավորվում է Իրանի դիմադրողականության հեռանկարով